TRIPP-ը ներուժ ունի՝ ի շահ Հարավային Կովկասի զգալի տնտեսական հնարավորություններ բացելու. ՆԱՏՕ

Քաղաքականություն

09.01.2026 | 17:48

Հարավային Կովկասն ունի խոշոր տրանսպորտային հանգույց դառնալու ներուժ։ Սակայն այդ ներուժի իրացումը պահանջում է ժամանակակից ենթակառուցվածքների և իրական ինտերմոդալության զարգացում, որը կապահովի ապրանքների արդյունավետ փոխադրումը տարբեր փուլերում, տարբեր երկրների միջով և տարբեր աշխարհագրական պայմաններում։ Այս մասին ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը և դրա հետագա զարգացումները, այդ թվում՝ տարածաշրջանային կապի ցանցի ստեղծումը, որը հիմնականում միավորում է Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան, և ավելի լայն առումով Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ, հստակորեն ցույց են տալիս նման հնարավորությունները։

«Միևնույն ժամանակ, անկախ նրանից, թե ինչպես են կոչվում այս նախաձեռնությունները, կարևոր է, որ դրանք իսկապես ծառայեն տարածաշրջանի երկրների շահերին։ Դրանք պետք է ստեղծեն պայմաններ  տարածաշրջանային բոլոր դերակատարների տնտեսական և տարանցիկ ներուժի լիարժեք իրացման համար, ինչպես նաև նպաստեն խաղաղության և երկարաժամկետ կայունության կառուցմանը։ Այս սկզբունքները կազմում են TRIPP նախաձեռնության հիմքը և ունեն  ներուժ՝  ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի բարօրության համար զգալի տնտեսական հնարավորություններ բացելու համար»,- նշել է Վիննիկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment