9 հունվարի 2026 – 17:25 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու համար Արամ Նավասարդյանին 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռի դեմ տուժող և պաշտպանության կողմերը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել։ Տուժող կողմը պատժի խստացում է պահանջում։
Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ասել է, որ Նավասարդյանի պատիժը ակնհայտորեն մեղմ է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրից փախուստը, տուժողին օգնություն չցուցաբերելը, ինչը հաստատված է նաև առաջին ատյանի դատարանի կողմից։ Սակայն այդ դրվագով պատիժ չի կիրառվել՝ որպես ապաքրեականացված արարք, հայտնում է «Փաստինֆոն»:
«Նավասարդյանը ոչ միայն որևէ հատուցում չի իրականացրել, այլև նույնիսկ փորձ չի արել փոխհատուցելու տուժողի ընտանիքին հասցված վնասը»,- նշել է փաստաբանը։
Նա շեշտել է նաև, որ դատարանը գույքային պահանջը բավարարել է ընդամենը 4 մլն դրամի չափով՝ առանց հիմնավոր գնահատման, մինչդեռ ներկայացված պահանջը եղել է ավելի քան 10 մլն դրամ։
Փաստաբանի խոսքով՝ եթե դատախազությունը որոշի չբողոքարկել դատավճիռը, ապա դա «հստակ կհաստատի», որ գործի վարույթը գտնվել է քաղաքական վերահսկողության ներքո։ Նա ընդգծել է, որ նման մոտեցումը ձևավորում է ընտրողականություն՝ իրավապահ համակարգի կողմից։
«Սա նշանակում է, որ այս երկու գործերը գտնվում են երկրի վարչապետի ուղիղ հսկողության ներքո»,- ասել է փաստաբանը՝ զուգահեռներ անցկացնելով Միքայել սրբազանի գործի հետ։
Նա հիշեցրել է, որ վերջինիս դեպքում, երբ դատարանը սահմանել է ազատազրկում՝ երկու տարվա ժամկետով՝ ընդդեմ հանրային մեղադրողի պահանջի (2 տարի 6 ամիս), դատախազությունն անմիջապես բողոքարկել է վճիռը։ Իսկ Նավասարդյանի դեպքում՝ երբ դատարանը մեղադրողի պահանջից (2 տարի 6 ամիս) նվազ պատիժ է սահմանել՝ 1 տարի 6 ամիս, դատախազությունը լուռ է մնում։
Փաստաբանը նաև մատնանշել է, որ գործի քննության ընթացքում պարբերաբար փոխվել են դատախազները, որոնցից շատերը նիստերին ներկայացել են անպատրաստ, և պաշտպանական կողմի պնդումներին հակադարձող միակ ուժը եղել է տուժողի ներկայացուցիչը։ Ըստ նրա՝ նման մոտեցումը «թատրոն» է հիշեցնում, և դատախազության դերը եղել է միայն ձևական։
Վրաերթը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 26-ին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից։ 28-ամյա հղի Սոնա Մնացականյանը մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով։ Փրկել չի հաջողվել նաև պտղի կյանքը։ Ականատես վկաները և լրագրողները հայտնել են, որ վրաերթից հետո շարասյունը չի կանգնել՝ օգնություն ցուցաբերելու, այլ շարունակել է ճանապարհը։ Քննչական կոմիտեն հաստատել է, որ վարորդը դեպքի վայրից հեռացել է ու վերադարձել միայն երկու ժամ անց։
Ի սկզբանե Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար։ Դեպքի վայրից փախուստի դրվագով մեղադրանք չի առաջադրվել։ Դատախազի միջամտությամբ հետագայում մեղադրանքը լրացվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։