Կադաստրի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու համար. Նախաքննությունն ավարտվել է

Կադաստրի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու համար. Նախաքննությունն ավարտվել է

9 հունվարի 2026 – 15:27 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և համայնքապատկան հողատարածքների կադաստրային քարտեզներում իրական կոորդինատներին չհամապատասխանող տվյալներ մուտքագրելու, հողամասերի քարտեզների ուղղման միջոցով դրանց տեղադիրքերը փոխելու և հետագայում հողամասերի նշանակությունը որպես «ընդերքօգտագործման» փոխելու համար հիմքեր ստեղծելու, ինչպես նաև համայնքապատկան հողակտորներում արդեն իսկ կատարված ապօրինի հանքարդյունաբերությունը օրինականացնելու նպատակով, այլ անձի օժանդակությամբ 2025 թվականին ընկերության բաժնետերերից մեկին առաջարկել է իրեն խոշոր չափերով՝ 500,000-ից 700,000 ՀՀ դրամի կաշառք տալ, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

Նշվում է, որ 6 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։

«Բացի այդ, նույն պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի բնակչին պատկանող և առանց շինարարական թույլտվության կառուցված անշարժ գույքի կադաստրային փաթեթավորումը իրականացնելու, ինչպես նաև այդ գույքի վերաբերյալ բացասական եզրակացություն չներկայացնելու դիմաց, 2025 թվականին պահանջել է 600,000-700,000 ՀՀ դրամի չափով կաշառք։ Նախաքննությամբ նաև պարզվել է, որ նույն պաշտոնյան նույն մարզի մեկ այլ բնակչի հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար՝ իրեն աջակցող մեկ այլ անձի միջոցով, հողամասի սեփականատիրոջն առաջարկել է 100 ԱՄՆ դոլարի կաշառք»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտոնատար անձին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ), ինչպես նաև 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կադաստրի կոմիտեի ևս մեկ աշխատակցի՝ կաշառք տալու, հանցավոր գործունեությանը օժանդակելու, ինչպես նաև միջնորդություն իրականացնելու համար ներգրավված 5 այլ անձանց։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ հաստատման և դատարան ներկայացնելու միջնորդությամբ։

Leave a Comment