Կատարված աշխատանքի իրական ցուցանիշը բյուջեի կատարողականն է․ Արմավիրի մարզ

Արմավիրի մարզում 2025թ բյուջեն կատարվել է 111 տոկոսով: Սեփական եկամուտների մուտքերն ավելացել են տարեվերջին: Նախորդ տարվա կատարողականի հիման վրա մարզի 7 համայքների բյուջեները համեմատաբար ավել են պլանավորում, իսկ տարվա ընթացքում աստիճանաբար համալրում են: Սեփական եկամուտների մուտքերի գծով փոքր ինչ թերացել է Փարաքար համայնքը՝ բյուջեն կատարելով 98.3 տոկոսով, իսկ մյուս համայնքներում գերազանցել են 100 տոկոսը:

Համայնքների բյուջեները սովորաբար կատարվում են 4-րդ եռամսյակում, գյուղատնտեսական տարվա ավարտին: Գյուղմթերքների իրացումից ստացված եկամտով գյուղացիները կատարում են իրենց հարկային պարտավորություններն ու մարում պարտքերը: Սովորաբար համայնքներում տարվա բյուջեն կազմելիս հաշվի են առնում նախորդ տարվա բյուջեի կատարողականն ու, ըստ այդմ, ավել պլանավորում սեփական եկամուտները:

2025-ին եկամուտների գծով մի քանի բարձր ցուցանիշներ են գրանցվել՝ ասում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Արայիկ Հակոբյանը:

«Տեղական տուրքերի գծով փաստացի հավաքվել է 517.7 մլն դրամ, 2024 թ 367 մլն դրամի համեմատ, ավել է հավաքվել 150.6 մլն դրամ, կատարողականը՝ 157 տոկոս է: Հողի հարկի և գույքահարկի վարձակալության գծով փաստացի հավաքվել է 216.3 մլն դրամ կամ կատարվել է 107 տոկոսով»:

Ներկայացված ցուցանիշները դեկտեմբերի 22-ի դրությամբ են, երբ մարզի բյուջեն կատարվել էր 105 տոկոսով։ Հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, կատարողականը հասել է 111 տոկոսի: Մյուս համայնքների համեմատ սեփական եկամուտների մուտքերը լիովին չի ապահովել Փարաքարը:

«Որպես այդպիսին համայնքների մասով թերացումներ չեն եղել: Բոլոր համայնքներում սեփական եկամուտների կատարողանն անցել են 100 տոկոսը, բացառությամբ՝ Փարաքար համայնքի, որոնց սեփական եկամուտների կատարողականն անցել է 95 տոկոսն ու հաստատ կհասնի մինչև 98 տոկոսի: Անցած տարվա դեկտեմբերի 22-ի դրությամբ այս տարի մեր սեփական եկամուտները 350 մլն դրամ ավելի է հավաքվել, այդ թվում նաև Ֆերիկ համայնքը, որը գերազանցել է 100 տոկոսը»,- ասում է վարչության պետը:

Փարաքար համայնքը 9 գյուղ է միավորում: Համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն ասում է, որ Նորակերտ և Արևաշատ բնակավայրերը պակաս են հավաքել վարչական մասի սեփական եկամուտները:

«Մի քիչ Նորակերտ բնակավայրն է թույլ եղել հողի հարկի գծով, Բացի այդ՝ խնդիր է առաջացրել ավտոմեքենաների տեխզննումը, որ զրոյական չեն ուզում, դա է ազդել, թե չէ ավելի բարձր կլիներ տոկոսը: Դե, արդեն հասցրել ենք 98.3 տոկոսի, գրեթե 100-ին մոտ: Անցած տարի 91 տոկոսով է կատարվել, այս տարի ավելի բարձր՝ 98.3 տոկոս»:

Մարզի միակ եզդիաբնակ Ֆերիկ գյուղում տարիներ շարունակ սեփական եկամուտները պակաս են հավաքել, իսկ այս տարի՝ 120 տոկոս: Այստեղ որոշակի դեր ունի նաև պետական բյուջեից ազգային փոքրամասնություններին տրված 50 մլն դրամ աջակցությունը, որպեսզի չխոշորացված համայնքը կարողանա մասնակցել սուբվենցիոն ծրագրերին՝ ասում է համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանը:

«Ընդհանուր, մեր սեփական եկամուտներից հողի հարկը կազմում է 1մլն 800 հազար դրամ, վարձակալական հողերը՝ 600 հազար դրամ, շարժական՝ մեքենաների, գույքահարկն էլ 166 հազար դրամ է: Բոլորը վճարում են հարկերը: Մեր բյուջեի 80 տոկոսը կատարվում է սեպտեմբերին, մնացածը՝ տարեվերջին: Երբ բերք են ծախում, երբ անասուն են մորթում, այդ ժամանակ էլ գումարները բերում, վճարում են»:

Վաղարշապատ համայնքին միացված Դողս գյուղի սեփական եկամուտները կատարվել են 100 տոկոսով, և հարկերի ու վարձավճարների վճարման խոչընդոտներ չկան, ասում է վարչական ղեկավարը։ Հակոբ Պապոյանն ընդգծում է, որ դա վերջին տարիներին Դողսում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքն է:

«Տալիս են սիրով և առանց որևէ դժվարությունների, որովհետև բնակիչները տեսնում են գյուղի հետ կապված աշխատանքները. բարելավվել է կյանքը, մատչելի է դարձել ամեն ինչ: Արդեն 230 մլն դրամ ծախսվել է Դողս գյուղի վրա. կառուցվել է խաղահրապարակ, ոռոգման կիսախողովակներ են տեղադրվել, դաշտի հողային ճանապարհներն է հարթեցվել: Մի խոսքով՝ հող մշակող մարդու համար լրիվ արվել է: Ասֆալտապատվել է Դողսից մինչև Աղավնատուն ընկած հատվածը»:

Իսկ Ամբերդ գյուղում սեփական եկամուտների մուտքերի համալրումը պայմանավորում են կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին հատկացվող վնասի փոխհատուցման վճարումներով: Դեկտեմբերի 30 դրությամբ Արմավիրի մարզի բյուջեն կատարվել է 111 տոկոսով:

Leave a Comment