9 հունվարի 2026 – 12:31 AMT
PanARMENIAN.Net – Բաքվի բանտում պահվող և առողջական լուրջ խնդիրնեռր ունեցող Վիգեն Էուլջեքջյանն իր կնոջը՝ Լինդա Էուլջեքջյանին, հասցեագրված ձեռագիր նամակ է ուղարկել։ Նամակի փաստը հաստատել է Բուենոս Այրեսում գործող Հայ որբերի օգնության ընկերությունը՝ SOAR-ը, հայտնում է Panorama.am-ը:
Նամակը փոխանցվել է միջազգային Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով:
«Այսօր Ադրբեջանում կալանավորված լիբանանահայ քաղաքացիական անձի՝ պարոն Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը ստացել է ուլջեքջյանի կողմից իր կնոջը՝ տիկին Լինդա Էուլջեքջյանին ուղարկված անձնական ձեռագիր նամակը։ Այս նամակի ստացումը խորապես հուզիչ և նշանակալից պահ է ընտանիքի համար՝ լռությամբ, անորոշությամբ և հոգեբանական դժվարություններով լի երկարատև ժամանակահատվածից հետո։ Պարոն Էուլջեքջյանի ցանկացած հաղորդակցություն կարևոր նշանակություն ունի՝ ծառայելով ոչ միայն որպես կյանքի հաստատում, այլև որպես կենսական հուզական և մարդկային կապ ամուսնու և կնոջ միջև՝ բացառիկ դժվարին հանգամանքներում»,–նշում են ընկերությունից։
SOAR-ը իր խորին երախտագիտությունն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ այս նամակի փոխանցման գործընթացում ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով ԿԽՄԿ-ի մարդասիրական մանդատի շրջանակում կատարած աշխատանքը։
«Չնայած այս նամակի հանձնումը որոշակիորեն հանգստացնում է, սակայն պարոն Էուլջեքջյանի երկարատև կալանքի վերաբերյալ լուրջ մարդասիրական մտահոգությունները շարունակվում են։
SOAR-ը վերահաստատում է միջազգային մշտական մոնիթորինգի, թափանցիկության և մարդասիրական հասանելիության կարևորությունը՝ ապահովելու համար, որ նրա ֆիզիկական և հոգեբանական բարեկեցությունը պաշտպանված լինի, և որ նրա նկատմամբ վերաբերմունքը համապատասխանի միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների չափանիշներին։
SOAR-ը շարունակում է լիակատար համերաշխություն ցուցաբերել Էուլջեքջյան ընտանիքին և վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու բոլոր հայ կալանավորվածների արժանապատվությունը և հիմնարար իրավունքները։ Կազմակերպությունը կոչ է անում միջազգային հանրությանը և համապատասխան հաստատություններին մնալ զգոն և գործում ներգրավված՝ գիտակցելով, որ շարունակական ուշադրությունը կարևոր է մեկուսացումը կանխելու և մարդու հիմնարար իրավունքները պաշտպանելու համար»,–ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատումից մեկ օր անց: Բաքվի ռազմական դատարանը 2021-ի հունիսին Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
Վերջին շրջանում լուրեր էին հասնում նրա վատթարացող առողջական վիճակի մասին: