Մենք ունեցել և շարունակում ենք ունենալ այն համոզմունքը, որ Հայաստանում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա ընտրությունների միջոցով. Մանե Թանդիլյան

2021 թ․ խորհրդարանական ընտրություններից հետո՝ հիմնադրելով «Ապրելու երկիր» կուսակցությունը, մենք ունեցել ենք մեկ հստակ նպատակ՝ ժողովրդի քվեով հասնել իշխանափոխության։ Գրել է կուսակցության համահիմնադիր Մանե Թսնդիլյանը։

«Այս ամբողջ ընթացքում մենք կարևորել ենք հենց ընտրություններով իշխանափոխության գաղափարը՝ որպես ժողովրդավարության տեսանկյունից ամենաարդյունավետ և լեգիտիմ ճանապարհ։ Այդ համոզմամբ մենք մասնակցել ենք ՏԻՄ ընտրություններին 25 անգամ՝ արձանագրելով ինչպես հաղթանակներ, այնպես էլ պարտություններ։ Այդ ճանապարհը մեզ համար եղել է բարդ, բայց չափազանց կարևոր՝ կուսակցության ձևավորման և կայացման առումով։

Այսօր կարող ենք վստահ արձանագրել, որ այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում «Ապրելու երկիրը» կայացել է որպես քաղաքական ուժ հայաստանյան քաղաքական դաշտում՝ կուտակած փորձով, ընտրական գործընթացներին լայն մասնակցությամբ և արձանագրած հաջողություններով։

Մենք ունեցել և շարունակում ենք ունենալ այն համոզմունքը, որ Հայաստանում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա ընտրությունների միջոցով՝ միաժամանակ աջակցելով հանրային ընդվզման տարբեր գործընթացներին։ Արդյունքում այսօր արդեն ակնհայտ է, որ տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն են, որտեղ ցանկացած վրիպում կարող է դառնալ անթույլատրելի, անգամ՝ «հանցավոր» շռայլություն։

«Ապրելու երկիր» կուսակցությունը իր մասնակցությունը ընտրություններին դիտարկում է որպես քաղաքական ճանապարհի բնական հանգրվան, որին մոտենում է բացառիկ պատասխանատվությամբ։

Մենք հստակ գիտակցում ենք մեր ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու ռիսկերը։ Այդ ամենը ազնիվ գնահատելով՝ մենք անում ենք առավելագույնը՝ ընտրություններին ներկայանալու ավելի միասնական, ավելի ուժեղ և առավել պատասխանատու՝ կիսելով ինչպես թիմային, այնպես էլ անհատական պատասխանատվությունը»,-գրել է նա։

Leave a Comment