Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ ԱԱԾ մեկուսարանի նույն խցում էր Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին:
Պարբերականի տեղեկություններով՝ պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Ղուկասյանի համար նախատեսված տեսախցիկը փոխելու կամ Հարությունյանին այլ խուց տեղափոխելու վերաբերյալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Թերթի պնդմամբ՝ միջնորդությունը բավարարվել է, և Հարությունյանին տեղափոխել են այլ խուց։
Լրատվամիջոցները հունվարի 8-ին հայտնել էին, որ կալանավորված Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան, ապա դեկտեմբերի 17-ին երկարաձգել նրա կալանքը:
