9 հունվարի 2026 – 10:17 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ պետությունը գնում է սպառազինություն՝ այն չկիրառելու ակնկալիքով։Նրա խոսքով՝ ԱԱԾ ուժային կարողությունները պետք է զարգանան, և պետությունը դրա համար անում է հնարավորը։
«Բայց էլի եմ ասում՝ մեր ձեռք բերած սպառազինությունները, ռազմական տեխնիկան և այլն ձեռք ենք բերում չկիրառելու հույսով և նպատակով։ Սա շատ կարևոր է, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շատ հզոր ուժային բաղադրիչներ ունենա, հատուկ նշանակության զորքերը պետք է շատ մեծ կարողություններ ունենան, բայց ուժի կիրառման անհրաժեշտությունից խուսափելը պետք է լինի Ազգային անվտանգության ծառայության հիմնական անելիքը»,– ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Փաշինյանն անդրադարձ է կատարել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցին՝ շեշտելով, որ չի կարելի մխիթարվել նրանով, որ դա ամբողջ աշխարհում առկա խնդիր է։
«Թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված խնդիրները լուրջ են։ Մենք պետք է հասկանանք, որ դա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է։ Ինչքա՞ն էներգիա պետք է ծախսենք 0,0… չգիտեմ ինչքան գրամ քարերի տակ դնողների վրա և ինչքա՞ն էներգիա պետք է ծախսենք այդ մեծ խմբաքանակները ներկրողների և հնարավոր տեղում արտադրություն կազմակերպողների վրա։ 10-10 գտանք, բայց պետք է կենտրոնանանք, քանի որ 5-6 փաթեթ, 5-6 հոգի գտնելով` մենք մեզ խաբում ենք. ակնհայտ է, որ այս շրջանառության մեջ կան կենտրոնացված կետեր»,– ասել է նա։
Վարչապետի համոզմամբ՝ պետությունը պետք է ուժերը կենտրոնացնի ներմուծման ու տեղական արտադրության շղթաների բացահայտման վրա։
Վարչապետը խոսել է Ազգային անվտանգության ծառայության վերլուծական կարողությունների զարգացման մասին, շեշտել, որ ուժային կարողությունների զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև վերլուծական կարողությունների զարգացումը՝ որպես կանխարգելող գործիք: Այս համատեքստում, երկրի ղեկավարը նշել է նաև ժամանակակից աշխարհում ահագնացող սպառնալիքների մեծացմանը զուգահեռ ճիշտ մարտավարություններ որդեգրելու կարևորությունը: