
2026 թվականին Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանը հանրությանը կներկայանա նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով։ Թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, ներկայացնելով տարվա ծրագրերը, նշում է, որ նախատեսվում են լուրջ միջոցառումներ՝ ուղղված ազգագրական արհեստների հանրահռչակմանը։


Կներկայացվեն հայկական ասեղնագործության բոլոր դպրոցները, ինչպես նաև՝ կարպետագործությանն ու տարազին նվիրված առանձին ցուցադրություններ, որի հնարավորությունն ընձեռում է թանգարանի ֆոնդը։ Լույս կտեսնի փորագրությունների հավաքածուին նվիրված եռալեզու (հայերեն, անգլերեն, հունարեն) պատկերագիրքը, ինչպես նաև հայկական ազգային տարազին նվիրված ալբոմ։
Թանգարանը շարունակելու է հայ ազգագրության երախտավոր Երվանդ Լալայանի հիմնադրած «Ազգագրական հանդեսի» տպագրությունը։ Նախատեսվում է հրատարակել հերթական՝ 23, 24, 25 և 26-րդ հատորները։ Կընդլայնվի միջազգային համագործակցությունը տարբեր կազմակերպությունների և թանգարանների հետ։ Հայաստանի պատմությամբ ու մշակութային ժառանգությամբ հատկապես հետաքրքրված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։