Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակման հետևանքով երկրի Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերը գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել են, հայտնել են Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը և «Ուկրէներգո»-ն։ «Սուսպիլնե»-ի տվյալներով՝ Դնեպրում կանգ է առել ողջ էլեկտրատրանսպորտը, ներառյալ մետրոն, սկսվել են ջրամատակարարման խնդիրներ, ինչի պատճառով սուպերմարկետներում խմելու ջրի հերթեր են գոյացել։
Դնեպրոպետրովսկի մարզային խորհրդի նախագահ Նիկոլայ Լուկաշուկը զգուշացրել է, որ խնդիրներ կարող են լինել նաև բջջային կապի հետ։ Մինչև էլեկտրամատակարարման վերականգնումը, տարածաշրջանի բնակիչներին խորհուրդ է տրվել դիմել «աննկունության կետեր»՝ տաքանալու և սարքավորումները լիցքավորելու համար։ «Առայժմ էներգամատակարարման վերականգնման վերաբերյալ որևէ կանխատեսում չկա։ Եթե այս պահին ձեր տանը ջուր կա, պաշար հավաքեք»,- նշել է Լուկաշուկը։
Զապորոժիեի տարբեր շրջաններում և մարզկենտրոնում էլեկտրականության անջատումից հետո նույնպես խնդիրներ են առաջացել բնակելի շենքերի ջրամատակարարման և ջեռուցման հետ: Բացի այդ, բջջային կապը սկսել է գործել վթարային ռեժիմով. բոլոր բազային կայանները փոխադրվել են կուտակիչ մարտկոցների սնուցման, որոնք ապահովում են աշխատանքը ութ ժամվա ընթացքում: Տեղական իշխանությունները Զապորոժիեում, որտեղ բնակվում է կես միլիոն մարդ, բացել են 175 «աննկունության կետ»: Մինչև հունվարի 8-ի առավոտ մարզի առանցքային օբյեկտների, այդ թվում՝ կաթսայատների էլեկտրամատակարարումը վերականգնվել է, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը:
Ուկրաինայի Զինված ուժերի Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հունվարի 8-ի գիշերը ռուսական բանակը Ուկրաինայի վրա հարձակվել է 97 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 70-ը վնասազերծվել են, իսկ 27-ը՝ հասել նպատակակետին: Հարվածներ են գրանցվել 13 վայրում: Օդային հարձակումը հետ են մղել ավիացիան, զենիթահրթիռային զորքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները և պաշտպանության ուժերի շարժական կրակային խմբերը: