Այն փաստը, որ մարդիկ Ամանորի գիշերն անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք նախորդ շրջանում իրականացվել են ՀԷՑ-ում։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ ՀԷՑ-ը ընկերությունը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները, մասնավորապես՝ երկրի մարզերի բնակավայրերի մասով։
Փաշինյանը շեշտեց՝ եթե չլինեին վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած գործընթացները, ապա հոսանքազրկված բնակավայրերի թիվը երեք անգամ ավելի մեծ կլիներ, քան հիմա է։
Նա լուրջ կասկած հայտնեց, որ այս ամենն արվեց Հայաստանում քաղաքական դժգոհություն գեներացելու նպատակով՝ թաքնվելով երկրի կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ Հայաստանում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ-ը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող գումար գողացած չլինի։
«Ես համոզված եմ, որ մենք ճիշտ, արդարացված որոշում ենք կայացրել և կկարողանանք պաշտպանել այդ որոշումը բոլոր ատյաններում։
Ես ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ովքեր Ամանորի գիշերը դիմավորել են մթության մեջ։ Ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ այդ որոշումը, որ ես կայացրել եմ մայիսին, և այն պետությունը, կառավարությունը և պետական մարմինները, այն որոշումները, որ կայացրել են հետագայում, այդ որոշումները չեն կայացրել երեք տարի առաջ, հինգ տարի առաջ, յոթ տարի առաջ», – ասաց գործադիրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը խոստացավ նոր բացահայտումներ անել՝ վստահեցնելով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարության մեջ եղել են մարդիկ, ովքեր տասնյակ միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներ են ստացել։ Նրա համոզմամբ՝ ընկերությունում չկան մասնավոր միջոցներ. միջոցները ձևավորվում են ՀՀ քաղաքացիների վճարած գումարների հաշվին։