7 հունվարի 2026 – 14:21 AMT
PanARMENIAN.Net – Սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հայտարարել է, որ 2026 թվականից սկսած աշխատանքային պայմանագրերը կստորագրվեն միայն էլեկտրոնային եղանակով, և այդ պահանջը պարտադիր կլինի բոլորի համար։
Նա նշել է, որ էլեկտրոնային ստորագրությունն ունենալը կարևոր է այն քաղաքացիների համար, որոնք նոր են ընդունվելու աշխատանքի, և այն քաղաքացների համար, որոնք արդեն ընդունված են աշխատանքի, հայտնում է 1lurer.am-ը:
Ըստ այդմ՝ նրանք, ովքեր եկամուտների հայտարարագրում են արել և ունեն էլեկտրոնային ստորագրություն, աշխատանքային հարաբերությունների դաշտում նորից պետք է պայմանագիրը ստորագրեն:
«Ովքեր արդեն ընդունված են աշխատանքի, ընդամենն այս տարվա ընթացքում պետք է ինչ-որ մի օր գործատուի կողմից մոտքագրելուց հետո ստորագրեն իրենց պայմանագրերը: Իսկ նրանք, ովքեր ընդունվելու են աշխատանքի, բնականաբար, պետք է զրոյից ստեղծվի նրանց համար պայմանագիր, որ դառնան աշխատող: Այսինքն՝ պետք է ստորագրեն այն օրը, որից հետո՝ հաջորդ օրը, պետք է գալ աշխատանքի, որովհետև համակարգը կառուցված է այնպես, որ եթե աշխատողը պետք է ներկայանա աշխատանքի, առնվազն դրանից 1 օր առաջ պետք է պայմանագիրը ստորագրվի:
Նրանք, ովքեր արդեն իսկ ունեն էլեկտրոնային ստորագրություն, նրանց համար դա ավելի հեշտ կլինի, իսկ նրանք, ովքեր չունեն, մտածում են, որ ակտիվ են աշխատաշուկայում, բայց վաղը, օրինակ, պետք է աշխատեն, թող օր առաջ դիմեն էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար, որովհետև երբ արդեն գա պահը, որ իրենք ուզում են աշխատեն, միգուցե ստորագրություն չունենալը խոչընդոտի պայմանագիր կնքելուն:
Դրա համար շատ լավ կլինի, որ նրանք, ովքեր չունեն, ակտիվ զբաղվեն այդ հարցով, քանի որ դա միակ տարբերակն է աշխատող դառնալու համար», – նշել է Ժորա Սարգսյանը։
Նա հիշեցրել է նաև, որ մինչ այժմ՝ 2025 թվականի ընթացքում, աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ձևաչափը գործել է կամավորության սկզբունքով։ Սակայն 2026 թվականի հունվարից սկսած՝ այն կդառնա պարտադիր բոլոր գործատուների և աշխատողների համար։
Ըստ սահմանված կարգի՝ աշխատանքային պայմանագրի կնքումը, դադարեցումը կամ փոփոխությունը կիրականացվեն բացառապես թվային հարթակի միջոցով։
«ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես վերլուծաբան Աննա Պողոսյանի խոսքով՝ համակարգն արդեն լիարժեք պատրաստ է, հայտնում է Արմենպրեսը:
«Համակարգը գործարկվել է դեռ նախորդ տարվա հոկտեմբերից։ Այս ընթացքում այն պայմանագրերի թիվը, որոնք ստորագրվել են թե աշխատողների, թե գործատուների կողմից, կազմում է 433։ Դրանից բացի, համակարգում ներկայում 1520 աշխատանքային պայմանագիր կա, որը դեռ աշխատողի կողմից ստորագրված չէ», – նշել է նա։
Ժորա Սարգսյանը հավելել է, որ հարթակում ներդրվել է աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև՝ պարտադիր լրացվող դաշտերով։ Այս ձևաչափը պարզեցրել է գործատուների աշխատանքը՝ բացառելով փաստաթղթային բացթողումները։
Սարգսյանի խոսքով՝ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բջջային օպերատորներին՝ ստանալու MID (Mobile ID)։
«Դրանից բացի, անհրաժեշտ է հեռախոսում ունենալ Selfportal հավելվածը։ Սա այն հավելվածն է, որով քաղաքացիները իրենց եկամուտներն են հայտարարագրել», – ասել է Սարգսյանը։
Selfportal հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են դիտել, ընթերցել և թվային ստորագրությամբ հաստատել իրենց աշխատանքային պայմանագրերը։ Եթե անձը մի քանի աշխատավայրում է աշխատում, բոլոր պայմանագրերը կհայտնվեն նույն հարթակում, սակայն յուրաքանչյուր գործատու տեսանելիություն կունենա միայն իրեն առնչվող պայմանագրի նկատմամբ։
Նախաձեռնությունը հասանելի է նաև օտարերկրյա աշխատողներին․ նրանք ևս կարող են ստանալ MID՝ առանց նույնականացման քարտի պահանջի՝ պարզապես դիմելով տեղական բջջային օպերատորներին։
Սարգսյանը ընդգծել է, որ կառավարությունը ժամանակ է տվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նախկինում թղթային ձևով կնքված բոլոր աշխատանքային պայմանագրերը մուտքագրելու էլեկտրոնային հարթակ։ Այսպիսով, մինչև տարեվերջ գործատուները պարտավոր են բոլոր պայմանագրերը թվայնացնել։
Մասնագետներն ընդգծել են, որ այս փոփոխությունը կարևոր է ինչպես գործատուների ու աշխատողների, այնպես էլ պետության համար։ Ըստ նրանց՝ հարթակը ապահովում է պայմանագրերի պատշաճ ձևակերպում, նվազեցնում է թղթային սխալների հավանականությունը և թույլ է տալիս աշխատողներին մշտապես հասանելի ունենալ իրենց պայմանագրերը։