
Իրանական լրատվամիջոցները հերքել են արևմտյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե ցուցարարները գրավել են երկրի արևմուտքում գտնվող Մալեքշահի շրջանը։
«Մալեքշահիում մի քանի լարված ժամերից և զինված անձանց հետ բախման հետևանքով անվտանգության աշխատակցի զոհվելուց հետո, այժմ շրջանում անվտանգության ուժերի ներկայության շնորհիվ, իրավիճակն ամբողջությամբ կայունացել է»,- գրում է Tasnim-ը։
Mehr-ի հաղորդմամբ, Աբդանանում ոստիկանության հսկողության ներքո անցկացված խաղաղ հավաքը տևել է մինչև 19:00, որից հետո մասնակիցները սկսել են հեռանալ։ Նրանցից առանձնացել է 250-300 հոգուց բաղկացած խումբ, որը վանդալիզմով է զբաղվել։ Ուժայինների աշխատանքի շնորհիվ Աբդանանում կարգուկանոնը վերականգնվել է, իրավիճակը վերահսկողության տակ է։
Ավելի վաղ Fox News-ը հաղորդել էր, որ ցուցարարները վերահսկողություն են հաստատել Մալեքշահիի և Աբդանան քաղաքի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցեր են ընթանում տեղական արժույթի անկման պատճառով։ Իրանական HRANA իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, զոհվել է 36, ձերբակալվել՝ ավելի քան 2000 մարդ։