Հալեպի հայաբնակ թաղամասերի հարևանությամբ բախումներ են․ Գաբրիելյան – Armenia Today

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ և հրետակոծություն է, «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։

Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երեկվանից հանդարտ չէ. քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չեն գրանցել և քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։

Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և հրետանի։ Նա ընդգծել է, որ քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։

Նրա տեղեկացմամբ՝ առավոտյան իրավիճակը հարաբերականորեն խաղաղ էր․ հայկական համայնքը մասնակցել է սովորական կարգով անցկացվող պատարագին, թեմակալ առաջնորդը ընդունել է հավատացյալների շնորհավորանքները։ Սակայն, կեսօրին մոտ իրավիճակը կտրուկ փոխվել է, և ներկայումս քաղաքը գրեթե ամայի է։

«Կեսօրից հետո արդեն նահանգապետի կողմից հայտարարվել է, որ փակ կմնան դպրոցներն ու պետական հաստատությունները և կարգադրվել է հնարավորինս հեռու մնալ քրդական թաղամասից, տնից դուրս գալն արգելված չէ, սակայն, խորհուրդ է տրվում զգույշ լինել»,- նշել է Գաբրիելյանը:

Leave a Comment