Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել նավթի գների բարձրացմանը․ Օրբան

Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ ԱՄՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու համար, կարող են համաշխարհային շուկաներում նավթի գների աճի պատճառ դառնալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման նախազգուշացումով է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ 

Նա հայտնել է, որ այդ կապակցությամբ Հունգարիայի կառավարությունը հրատապ խորհրդակցություններ է անցկացրել երկրի էներգետիկ ընկերությունների հետ։  «Այսօր մենք խորհրդակցություններ ենք անցկացրել Հունգարիայի էներգետիկ ոլորտի առանցքային խաղացողների հետ, որպեսզի պաշտպանենք Հունգարիան վենեսուելական ճգնաժամի հետևանքներից, որոնք կարող են հանգեցնել գների բարձրացման։  Հունգարիայի կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ», – գրել է Օրբանը Facebook-ում։ 

Միևնույն ժամանակ նա ձեռնպահ է մնացել Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին որևէ քաղաքական գնահատական տալուց՝ նշելով միայն, որ այնտեղ գտնվող Հունգարիայի քաղաքացիներից ոչ մեկը չի տուժել: 

Ավելի վաղ լատինաամերիկյան երկրում Հունգարիայի սակավաթիվ քաղաքացիների վերաբերյալ նման հաղորդագրությամբ էր հանդես եկել ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն:

Leave a Comment