Թրամփը հայտարարում է, որ չի հավատում Պուտինի կեցավայրին ուղղված հարվածի մասին հաղորդմանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում Վալդայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրին ուղղված հարվածի մասին տեղեկատվությանը:

«Չեմ հավատում, թե այդ հարվածը եղել է», – ասել է Թրամփը Air Force One նախագահական օդանավում լրագրողի հարցին ի պատասխան:

Ճշտող հարցին, թե ինչո՞ւ էր այդ պահին հավատացել Պուտինին և այդկերպ արտահայտվել, ԱՄՆ նախագահն արձագանքել է. – «Քանի որ ոչ ոք չգիտեր այդ պահին: Դա առաջինն էր, որ ես լսեցի: Նա [Պուտինը] ասաց, թե իր տունը հարձակման է ենթարկվել: Մենք դրան չհավատացինք այն բանից հետո, երբ կարողացանք ստուգել տեղեկատվությունը»:

Վալդայում Պուտինի նստավայրի վրա դեկտեմբերի լույս 29-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով «գրոհի փորձի» մասին առաջինը հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այնուհետև Կրեմլը «գրոհի փորձը» որակել էր «բանակցային գործընթացի տապալմանն ուղղված ահաբեկչական գործողություն» և սպառնացել Ռուսաստանի «բանակցային դիրքորոշման կոշտացմամբ»: Ռուսաստանցի պաշտոնյաներն իրենց պնդումների ապացույցներ չէին ներկայացրել:

Դեկտեմբերի 31-ին ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ասուլիս անցկացրեցին, որի ժամանակ իբր կեցավայրի վրա «խոցված անօդաչուի» կադրեր ցուցադրեցին, ինչպես նաև տեսանյութ, որում մոտակա ավանի մի բնակիչ պատմում էր իբր դեկտեմբերի լույս 29-ի գիշերը անօդաչուների թռիչքի ձայն լսելու մասին:

Պաշտոնական Կիևը հերքում է Ռուսաստանի նախագահի կեցավայրի վրա հարձակման մասին պնդումները:

The Wall Street Journal-ի տվյալներով՝ Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը և այլ հատուկ ծառայություններ պարզել են, որ Ուկրաինան փորձել է հարվածել ռազմական թիրախի Ռուսաստանի Նովգորոդի մարզում, սակայն այդ հարվածն ուղղված չէր Պուտինի նստավայրին: Այդ մասին ԿՀՎ ղեկավարը հաղորդել է Թրամփին:

Leave a Comment