Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ հատուկ գործողությունից հետո տեղափոխվել է Նյու Յորքի կալանավայր, իսկ երկրի Գերագույն դատարանը ժամանակավոր նախագահ է նշանակել փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին, հայտնում է Reuters-ը։
Վենեսուելայի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշմամբ՝ Ռոդրիգեսը ստանձնում է Վենեսուելայի նախագահի լիազորությունները՝ «ապահովելու վարչական շարունակականությունն ու պետության համապարփակ պաշտպանությունը»։
ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլյա Ֆլորեսին, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել: Մադուրոյին մեղադրում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, որոնք պաշտոնական ձևակերպմամբ կապվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և զինված խմբավորումների հետ։ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել ԱՄՆ ղեկավարությանն ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը։
