2025 թվականը Հայաստանի նորագույն պատմության մեջ կմնա որպես մի ժամանակաշրջան, երբ արտաքին քաղաքական վեկտորների վերակողմնորոշումը և անվտանգության համակարգի ապակենտրոնացումը վերածվեցին բազմաթիվ անհայտներով նոր հավասարումների։ Երևանը, փորձելով դուրս գալ տասնամյակների «անվտանգային ծուղակից», սկսել է ռիսկային «խաղ», որտեղ խաղադրույքները ոչ միայն սահմանների անձեռնմխելիությունն են, այլև պետականության բովանդակային վերափոխումը։
1. Վաշինգտոնյան «հռչակագրերից» մինչև սահմանային կայունություն
Տարվա առանցքային իրադարձությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումն ու նախաստորագրումն էր, ինչպես նաև ԱՄՆ-ի մասնակցությամբ TRIPP կոմունիկացիոն նախագծի հանձնառությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփի ուղիղ ներգրավվածությունն այդ պրոցեսին զգալիորեն նվազեցրեց Ադրբեջանի կողմից ծավալուն պատերազմի վտանգը, սակայն չսահմանափակեց Բաքվի նկրտումները՝ օգտագործել խաղաղության օրակարգը ՀՀ սահմանադրության փոփոխության համար։
Խաղաղության երաշխիքը կախված կլինի նրանից, թե որքանով ԱՄՆ-ն պատրաստ կլինի TRIPP-ում կատարել խոշոր ներդրումներ՝ հաստատվելով որպես տարածաշրջանային բալանսավորող գործոն։ Այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկը» վերածվում է ներդրումային կոնկրետ առաջարկի, որտեղ դեռ պետք է համադրել Իրանի, Արևմուտքի և Ռուսաստանի հակադիր շահերը։
2. Բրյուսելյան «Անվտանգության բարձիկը»
Դեկտեմբերին Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրեց Ռազմավարական գործընկերության նոր օրակարգը, որը Երևանի համար և՛ որակական վերակառուցման հույս է, և՛ քաղաքական վահան։ ԵՄ դիտորդների ներկայությունը կարևոր է, բայց ոչ բավարար, ինչը պահանջում էր ինստիտուցիոնալ կապ։ Մուտքի արտոնագրերի ազատականացման առաջընթացը և ռազմավարական օրակարգի ծրագրով ՀՀ պաշտպանության համակարգի համար նախանշված օժանդակությունը Հայաստանին տալիս են մանևրելու հնարավորություն։ Սակայն սա ունի իր գինը. Բրյուսելը պահանջում է կոնկրետ բարեփոխումներ, իսկ Մոսկվան հետևում է աճող նյարդայնությամբ՝ չբացառելով Հայաստանին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության առաջ կանգնեցնելու և ցավոտ վերաճշգրտումների ենթարկելու հեռանկարը։ Ջրբաժանային կլինի 2026թ. գարնանը, երբ Երևանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։
3. Կոմունիկացիոն «ձնհալ». բեռնափոխադրումների նոր աշխարհագրություն
Անսպասելի շրջադարձ էր Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան բեռների թույլտվությունը. Վրաստանով սկսեցին մատակարարվել ռուսական ու ղազախական ցորեն և ադրբեջանական նավթամթերք։ Այս «փորձնական փուչիկը» նվազեցնում է լոգիստիկ ծախսերը, բայց պարունակում է հեռահար ռիսկ՝ կապված Բաքվից էներգետիկ և պարենային կախվածության հետ։ Սա նուրբ հաշվարկ է, որտեղ տնտեսական օգուտը պետք է սպասարկի ազգային անվտանգությանը, ոչ թե հակադրվի դրան։
4. Մարգարայի բաց, բայց կողպված դարպասը
Հայ-թուրքական հարաբերություններում 2025-ը սիմվոլիկ տարի էր։ Անկարայից եկող սահմանները բացելու հնարավորության մասին ազդակները տեսանելի են։ Բայց Մարգարայի անցակետը նման է դռան, որի բանալին Անկարան շարունակում է պահել Բաքվի գրպանում։ Թուրքիան գործընթացը շաղկապում է հայ-ադրբեջանական կարգավորման հետ՝ Հայաստանին պահելով սպասողական վիճակում։ 2026-ից սպասելիքը մեկն է՝ կհամարձակվի՞ Անկարան բացել սահմանը նաև ՀՀ քաղաքացիների և բեռների համար, թե՞ ոչ։ Կարելի է ենթադրել, որ հարցի պատասխանը թաքնված է TRIPP-ի գործարկման մեջ։
5. Անվտանգության դիվերսիֆիկացում և Կրեմլի «հիբրիդային ռևանշի» սպասումը
Ֆրանսիական և հնդկական սպառազինության շարունակվող ձեռքբերումները 2025-ին Հայաստանն սկզբունքորեն դուրս բերեցին Մոսկվայից կատարյալ կախվածության վիճակից՝ ընդգծելով Ադրբեջանի հետ ուժային բալանսի խախտումը չափավորելու՝ Երևանի ձգտումը։
Սակայն ուկրաինական պատերազմի հանգուցալուծմանը զուգահեռ, Ռուսաստանն ուղղվում է դեպի Հարավային Կովկաս՝ դիրքերը վերադարձնելու մղումով։ ԵՄ-ի հայտարարությունը՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ Հայաստանի դեմ սպասվող հիբրիդային պատերազմի մասին, կանխորոշում է դիմակայությունը։ Նպատակն ակնառու է՝ ստեղծել քաոսի զգացողություն և «ապացուցել», որ առանց ռուսական հովանու Հայաստանը հեռանկար չունի։ Սա պայքար է լինելու Հայաստանի ապագա կառավարության տեսակի և լեգիտիմության համար։ Ռուսատանի «ռևանշը» Հայաստանը կվերադարձնի սպառազինության ռուսական քմահաճության տարածք։
Այս գործընթացների օգտակար գործողության գործակիցը խտանում է մեկ կետում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ։ Եթե Հայաստանի հասարակությունը չզգա ստեղծված «անվտանգության բարձիկների» իրական գոյությունը կամ արժեքը, ապա հիբրիդային պատերազմի ազդեցությամբ կարող է ներքին պայթյուն հասունանալ։ Հայաստանը, ավելի վստահ, բայց դեռ քայլում է բարակ լարի վրայով, որտեղ մի կողմում ինքնիշխանության ամրապնդումն է, մյուս կողմում՝ հին ստատուս-քվոյի վերադարձը, բայց արդեն՝ անդառնալի կորուստներով։
Գոռ Աբրահամյան
Լուսանկարը՝ ԱԲ-ի։
