Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաները կդառնան օրինական թիրախներ Վաշինգտոնի միջամտության դեպքում․ հայտարարություն Իրանից

Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաները կդառնան օրինական թիրախներ Վաշինգտոնի միջամտության դեպքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ «արտաքին հետախուզական ծառայությունների զինված գործակալների» փորձերը՝ առևտրականների և գործարարների օրինական բողոքի ցույցերը վերածելու բռնի փողոցային բախումների, ձախողվել են «իրանական ժողովրդի պատմական գիտակցության» շնորհիվ։

Նա ընդգծել է, որ իշխանությունները չեն հավասարեցնում ցուցարարներին «օտարերկրյա վարձկանների» հետ և աջակցում են իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիներին։

Ղալիբաֆը զգուշացրել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները միջամտի, տարածաշրջանում տեղակայված բոլոր ամերիկյան կառույցներն ու ռազմական ուժերն Իրանի կողմից կդիտարկվեն օրինական թիրախներ։ «Իրանցիները միշտ միասնական են եղել և վճռականորեն տրամադրված են գործել ագրեսորի դեմ», – գրել է նա սոցիալական ցանցերում։

«Թրամփը պետք է իմանա, որ ներքին խնդրին միջամտելը հավասարազոր է ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը և հենց Վաշինգտոնի շահերի խաթարմանը»,– X-ում գրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:

Նա ԱՄՆ առաջնորդին արկածախնդրության մեջ է մեղադրել` հավելելով, որ Իրանի իշխանությունները տարբերում են բողոքող առևտրականների ու պառակտիչների գործողությունները։

***

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը լիովին հասանելի է, ներգրավված կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկման դեպարտամենտի տնօրեն Օլեգ Պոստնիկովը:

«Կարծում ենք, որ բոլոր ներգրավված կողմերի մոտ բավարար քաղաքական կամքի առկայության դեպքում իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորումը լիովին հասանելի նպատակ է: Այս առումով առաջընթացը միայն ողջունելի կլիներ»,- ասել է Պոստնիկովը:

Նա ընդգծել է, որ Մոսկվան արժանին է մատուցում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով և ՄԱԳԱՏԷ-ի հետ համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրով ստանձնած պարտավորություններին Իրանի հավատարմությանը:

«Ակնկալում ենք Թեհրանի և Գործակալության միջև կառուցողական փոխգործակցության շարունակություն՝ ստուգիչ միջոցառումների աստիճանական վերսկսման նպատակով: Դրանք տապալվել են Արևմուտքի այն ներկայացուցիչների անօրինական գործողություններով, որոնք միայն խոսքով են դիվանագիտության ջատագով, իսկ գործնականում ակտիվորեն ականապատում են կարգավորման գործընթացը՝ գիտակցաբար խոչընդոտելով բանակցություններին»,- ասել է Պոստնիկովը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ժամանակ, հայտարարել է, որ կաջակցի Իրանին հասցվող նոր հարվածներին, եթե վերջինս փորձի շարունակել հրթիռային և միջուկային ծրագրի մշակումը:

Blog Image

Leave a Comment