
Նախկինում հայկական իրականության մեջ Նոր տարին շքեղությամբ չի առանձնացել, քանի որ այն համընկնում էր Սուրբ Ծննդին նախորդող մեկշաբաթյա պահքին։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Նարինե Շամամյանը նշում է, որ տոնը նախկինում տարբեր կերպ է նշվել Արևելյան և Արևմտյան Հայաստանում։ Եթե արևմտահայերը հետևում էին Հուլյան տոմարին, ապա Արևելյան Հայաստանում տարեսկիզբն ընդունվել է տարվա տարբեր եղանակների։
Հունվարի մեկը պաշտոնական տոնի կարգավիճակ է ստացել միայն 19-րդ դարի վերջից, ինչից հետո ձևավորվել է մեծ տարբերություն ավանդական և ժամանակակից տոնակատարությունների միջև։ Հնում ամեն ինչ եղել է պասուց. տոնական սեղանին դրվել են բացառապես բուսական կերակուրներ՝ չրեր, մրգեր, պասուց տոլմա, տարեհաց և մարդակերպ թխվածքներ՝ «ասիլ-բասիլներ»։
Խորհրդային տարիներին Նոր տարին երկար ժամանակ համարվում էր «բուրժուական մնացուկ» և պաշտոնապես չէր նշվում, մինչև որ 1930-ական թվականներին թույլատրվեց դրա տոնումը։ Հենց այդ շրջանում էլ աստիճանաբար մոռացվեցին պահքի սահմանափակումները, և սեղաններին հայտնվեցին մսեղեն ու ճոխ կերակրատեսակներ։
Այսօր Ամանորը նշվում է չափազանց շքեղությամբ և առանց սահմանափակումների, սակայն այժմ էլ կան պահք պահողներ, որոնց համար մսեղեն ուտեստները թույլատրելի են դառնում միայն հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի պատարագից հետո։