Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.
2026 թվականը Հայաստանի համար լինելու է կարեւոր տարի:
Տարին թող դառնա մարդկային արժանիքների եւ ազգային արժանապատվության գերակայության տարի: Մենք, որպես պետություն, չունենք աշխարհում սուբյեկտ լինելու այլ տարբերակ ու ճանապարհ, այլ հիմք, քան մարդկային արժանիքների ու հանրային արժանապատվության գերակայությունը մեր հասարակական համակեցության միջավայրում:
Մեր պետության ռեսուրսային մնացյալ ներուժի գեներացիայի գործակիցը ուղիղ համեմատական է լինելու հենց այդ հիմքին: Կունենա՞նք այդ հիմքը, կհասնե՞նք դրա ձեւավորման ու ամրապնդման, կունենանք հանրային ու պետական ներուժի գեներացիայի բարձր գործակից:
Այդ գործակիցն է, որ ապահովելու է մեզ համար սուբյեկտային տեղ ու դեր այս տարածաշրջանում ու միջազգային հարաբերություններում:
Մեզանից յուրաքանչյուրը թող իր լուման բերի այդ խնդիրը լուծելու հարցում, այդ հիմքը ձեւավորելու հարցում: Ամեն մեկն իր հնարավորության չափով, ամեն մեկն իր տեղում, իր անելիքի ու պատասխանատվության շրջանակում: