Իշխան Սաղաթելյանը հայտարարում է՝ իր և ընտանիքի գույքի բռնագանձման վարույթը քաղաքական հետապնդում է

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ դատախազությունից ստացել է ծանուցում՝ իրեն, ընտանիքի անդամներին և հարազատներին պատկանող մի շարք գույքերի հնարավոր բռնագանձման վերաբերյալ վարույթ սկսելու մասին։ Սաղաթելյանի խոսքով՝ գործընթացը հիմնված է ապօրինի և անտրամաբանական փաստարկների վրա և քաղաքական պատվերի դրսևորում է, մինչդեռ ներկայացված գույքերը տարիների օրինական աշխատանքի արդյունք են։

«Ծանուցմանը ծանոթանալուց հետո մնում է միայն ծիծաղել պատվերը տվողների վրա և խղճալ այն իրականացնողներին։ 

Այս պահին միայն նշեմ, որ դատախազությունն անտրամաբանական և ապօրինի հիմնավորումներով «ապօրինի գույք» է որակել իմ, իմ ընտանիքի անդամների և նրանց տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված օրինական սեփականություն հանդիսացող գույքեր՝ ընդամենը հանրությանը մի ցանկ ներկայացնելու և հեթական շոու բեմադրելու նպատակով։  

Սա ընդամենը  Փաշինյանի վրեժխնդրության և փոքրոգիության հերթական դրսևորումն է: 

Ես մտահոգվելու որևէ խնդիր չունեմ. որքան ուզում եք՝ ստուգեք և ուսումնասիրեք, իմ ունեցած ամեն ինչի ետևում իմ և իմ ընտանիքի անդամների տարիների քրտնաջան, արդար աշխատանքն է, իսկ դուք և ձեր շրջապատը մտածելու և բացատրելու շատ բան ունեք: 

Վերջապես, ես, ի տարբերություն ձեզ, մարդկանց շանտաժով չեմ շորթել, պատվերով հոդվածներ չեմ գրել, պետական տենդերներ չեմ շահել, բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցրել (ընդամենը 4 ամիս` 2018 հունիս-հոկտեմբերին, Գեղարքունիքի մարզպետ), որով կարող էի ապօրինի հարստանալ: 

Հ.Գ. Տարիներ շարունակ հանրայնորեն չեմ խոսել իմ ընտանիքի կատարած աշխատանքի, ստեղծած աշխատատեղերի և պետությանը վճարած հարկերի մասին։ 

Սակայն, ստեղծված իրավիճակը երևի թե լավագույն առիթն է այդ ամենին անդրադառնալու և հանրությանը մանրամասն փաստերով  ներկայացնելու համար, որն անպայման կանեմ առաջիկայում։ Պարզապես թույլ չեմ տալու արատավորել և պիտակավորել իմ ընտանիքի տարիների վաստակը և անունը»:

Leave a Comment