Հայաստանի էկոլոգիական պատկերը 2025-ին. սանիտարական աղբավայրից մինչև օդի աղտոտվածության ճգնաժամ․ «Էկոսֆերա»

2025 թվականը մեկնարկեց Աղվերանում տեղի ունեցած «Բարելավելով թափոնների կառավարումը Հայաստանում. արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգը և դրա ներդրումը» թեմայով աշխատաժողովով։ Մասնակիցները ծանոթացան թափոնների կառավարման ոլորտի լրջագույն խնդիրներին և առաջարկվող օրենսդրական փոփոխություններին։

Անկախ փորձագետ Հարություն Ալպետյանը ներկայացրեց, թե ի՞նչ է ենթադրում «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության» համակարգի ներդրումը և որքանո՞վ այն կկարգավորի թափոնների տեղափոխման, վերամշակման ու տեսակավորման ոլորտները։

2025-ին Հայաստանում շահագործվեց առաջին սանիտարական աղբավայրը, որը գտնվում է Հրազդան համայնքում։ Աղբավայրը սպասարկում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը։ Երկու մարզերի բոլոր համայնքերից կոշտ կենցաղային աղբը հատուկ տոփանող տեխնիկայի օգնությամբ տեղափոխվում է աղբավայր, որտեղ խառը թափոնները թաղվում են հնարավորինս անվնաս՝ նվազեցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը։

Տարվա առաջին եռամսյակում մեծ աղմուկ առաջացրեց Երևանի բուսաբանական այգում կաղնու ծառուղու հատումը։ Ահազանգել էր քաղաքացի Էդուարդ Հայրումյանը։ Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ այգու հարավ-արևելյան հատվածում հայտնաբերվել էր «Կաղնի ամառային» տեսակի 34 ծառի ապօրինի հատված կոճղ (35-74 սմ տրամագծով)։ Ապօրինի ծառահատման արդյունքում բնությանը պատճառված վնասը կազմել է 16 570 000 ՀՀ դրամ։ Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Բավականին ակտիվ քննարկումներ եղան Երևանի կանաչապատման ոլորտում առկա խնդիրների շուրջ։ Մայրաքաղաքում իրականացվող ծառերի փոխարինման ծրագիրը շարունակում է դժգոհություն առաջացնել։ Տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ ծառահատումների. ՀԿ-ներն ու քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի մոտ պաստառներով և կոչերով արտահայտեցին իրենց մտահոգությունը։

Նոյեմբերի վերջին Երևանի օդում փոշու կոնցենտրացիան գերազանցեց սահմանված թույլատրելի շեմը 4 անգամ։ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանի խոսքով՝ պատկերը կպահպանվի, քանի որ օդային հոսանքների տեղաշարժ չի ակնկալվում։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ շինհրապարակներում տեղադրված 175 սարքերի տվյալներով՝ օդի որակը Երևանում վատթարանում է նոյեմբերի կեսերից մինչև մարտի երկրորդ կեսը։ Այս հարցի շուրջ քաղաքացիները նույնպես դժգոհություն հայտնեցին՝ անցկացնելով երթ՝ շնչառական սարքերով և դիմակներով։

Իսկ վերջում՝ կորուստների մասին։ Նոյեմբերին հանրապետության մի շարք անտառային տարածքներում հրդեհներ բռնկվեցին, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում։ Հրդեհը հասավ նաև «Դիլիջան» ազգային պարկի տարածք։ Թեև կրակը մարվեց մի քանի օրվա ընթացքում, բուսականությանը հասցվեց էական վնաս։

Թող 2026 թվականի ընթացքում բարի լուրեր հայտնելու առիթները շատ լինեն։ Կանաչություն, մաքուր օդ ու խաղաղություն մեր հայրենիքին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Leave a Comment