Երևանի Էրեբունի համայնքի բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, հայտնել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։
Վարչական շրջանն ամբողջությամբ հոսանքազրկվել էր դեկտեմբերի 28-ին՝ «Վարդաշեն» ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով։ Շուրջ 3 օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել էր մասնակի։ Համայնքի բազմաթիվ բնակիչներ, սակայն, շուրջ 3 օր էլեկտրաէներգիա չունեին։ ՀԷՑ-ից հայցել են քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը՝ ստեղծված իրավիճակի համար։
Ընկերությունից հայտնել էին, որ հրդեհի հետևանքով ամբողջովին շարքից դուրս են եկել և դարձել անպիտան սնող 6 կՎ թվով 23 բջիջները, ինչպես նաև դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի և լարման սարքավորումները։ Վթարի մասին հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։
