Պատմական հանդիպում Ֆլորիդայում․ առաջընթաց կա, բայց Դոնբասի հարցը դեռ փակուղում է

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին հանդիպեցին Ֆլորիդայում։ Բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ զգալի առաջընթացի մասին։ Սպասվում է, որ անվտանգության երաշխիքները, տնտեսական և քաղաքական գործակցության մանրամասները, ինչպես նաև հրադադարի և միջազգային վերահսկողության մեխանիզմները ավելի հստակորեն կկարգավորվեն առաջիկայում։ Ի՞նչ է սպասվում 2026 թվականին, արդյո՞ք կլինի եռակողմ հանդիպում՝ Պուտին-Թրամփ-Զելենսկի ձևափով, և ի՞նչպես են արձագանքել եվրոպացի առաջնորդները բանակցության արդյունքներին․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը Ֆլորիդայում շուրջ երեք ժամ է տևել։ Բանակցություններից հետո նրանք հայտարարել են Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու ճանապարհին զգալի առաջընթացի մասին։ Սակայն կողմերն ընդգծել են, որ գլխավոր հարցը՝ տարածքային խնդիրը, ներառյալ Դոնբասի կարգավիճակը, շարունակում է մնալ չլուծված։

«Հիանալի հանդիպում» և «մեծ առաջընթաց»

Բանակցություններից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը հիանալի հանդիպում են անցկացրել և մեծ առաջընթաց գրանցել։ «Մենք ավելի ու ավելի ենք մոտենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրի կնքմանը»,— ասել  է ԱՄՆ նախագահը։ Թրամփն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ 95 %-ը համաձայնեցված է:

Բայց Թրամփը նաև ասել է, որ տարածքային հարցերի շուրջ համաձայնություն այնուամենայնիվ դեռ չի կայացվել։

«Այս հարցը լուծված չէ, բայց լուծումն ավելի է մոտենում։ Սա շատ բարդ հարց է։ Կան մեկ կամ երկու շատ խնդրահարույց կետեր, սակայն կարծում եմ՝ մենք առաջ ենք ընթանում։ Սա մեկ օրում կնքվող համաձայնագիր չէ»,— ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա հնարավոր է՝ որոշումները կայացվեն առաջիկա շաբաթներին։ Եթե գործընթացը դժվար լինի, գուցե ձգձգվի, իսկ եթե իրավիճակը վատանա, համաձայնություն չի լինի, եզրակացրել է ԱՄՆ նախագահը։

Դոնբասը՝ որպես հիմնական խոչընդոտ

Դոնբասի մոտ 90 %-ը, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի շուրջ 75 %-ը այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ են։ Մոսկվան ցանկանում է, որ ուկրաինական զորքերը դուրս բերվեն Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ Կիևի վերահսկողության ներքո են: Իսկ Կիևը պնդում է, որ այդ հատվածը վերածվի ազատ տնտեսական գոտու։

Զելենսկի․ անվտանգության երաշխիքները՝ առանցքային

Վլադիմիր Զելենսկին բանակցություններից առաջ հանդիպումը բնութագրել էր որպես տարվա ամենաակտիվ դիվանագիտական օրերից մեկը։ Նա ասել էր, որ շատ բան կարող է որոշվել արդեն 2025–ի ավարտին։ Իսկ ահա բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր երկրի համար երկարատև խաղաղության հասնելու ճանապարհին առանցքայինը անվտանգության երաշխիքներն են, ոչ թե տարածքային հարցերը։

Զելենսկու խոսքով՝ Միացյալ Նահանգները և Ուկրաինան անվտանգության երաշխիքներն ամբողջությամբ համաձայնեցրել են, իսկ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և ԵՄ–ի միջև դրանք գրեթե համաձայնեցված են։ Զելենսկին ասել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից խնդրել է երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ՝ 30–50 տարի ժամկետով։ Այժմ քննարկվում է 15 տարվա երաշխիքների տարբերակ՝ երկարացման հնարավորությամբ։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության համաձայնագիրը ներկայացնելու հանրաքվեի, սակայն դրա համար նախ հրադադար է անհրաժեշտ։

«Հանրաքվեն ընդամենը տարբերակներից մեկն է։ Հանրաքվեի կարող է դրվել թե՛ ամբողջ ծրագիրը, թե՛ առանձին դրույթներ։ Հնարավոր է նաև հարցը ներկայացնել խորհրդարանի քվեարկությանը։ Եթե ծրագիրը հասարակության համար լինի ոչ միանշանակ, որոշումը պետք է կայացնի հենց հասարակությունը, որովհետև սա ուկրաինացիների հողն է, ոչ թե մեկ մարդու»։

Ուկրաինայի նախագահը խոսել է նաև առաջիկա հանդիպումների մասին՝ ասելով, որ երկու երկրների՝ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների բանակցող թիմերը հանդիպելու են առաջիկա շաբաթների ընթացքում,որպեսզի ավարտին հասցնեն քննարկումները ամենախնդրահարույց հարցերի շուրջ։

Նա տեղեկացրել է, որ հնարավոր է՝ հունվարին ԵՄ առաջնորդները և ուկրաինական պատվիրակությունը մեկնեն Վաշինգտոն, որպեսզի մասնակցեն բանակցությունների ավարտին և համաձայնության հաստատմանը։

Ռուսաստանի դիրքորոշումը

Ռուսաստանի համար Դոնբասի հարցը մնում է գերակա։ Թրամփ–Զելենսկի հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Ռուսաստանի նախագահը կոչ է արել հետևելու Անքորիջում ձեռք բերված փոխըմբռնումներին։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կիևը համարձակ և պատասխանատու քաղաքական որոշում պետք է ընդունի Դոնբասի վերաբերյալ։ Նա շեշտել է, որ առկա  իրավիճակում այդ որոշումը նպատակահարմար է ընդունել առանց հապաղելու։

Զապորոժիեի ԱԷԿ-ի կարգավիճակը և վերականգնումը

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Զապորոժիեի ատոմակայանի կարգավիճակը քննարկել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։ ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը: «Ռուսաստանը ցանկանում է տեսնել Ուկրաինան հաջողակ»,— ասել է Թրամփը՝ հավելելով, որ Պուտինը պատրաստ է էլեկտրաէներգիա մատակարարելու Ուկրաինային շատ ցածր գնով։

Դեկտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը և Ուկրաինան, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջնորդությամբ, համաձայնության են հանգել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը տեղայնացված հրադադարի հարցում: Այս մասին հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Ի՞նչ է սպասվում առաջիկայում

Ե՛վ Դոնալդ Թրամփը, և՛ Վլադիմիր Զելենսկին խոսում են շաբաթների մասին, որոնց ընթացքում խաղաղության համաձայնագրի հիմնական չափորոշիչները կարող են հստակեցվել։ Միաժամանակ Թրամփը չի բացառել անկանխատեսելի խնդիրների առաջացումը՝ նշելով, որ յուրաքանչյուր կետ կարող է խաթարել ողջ համաձայնագիրը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ մոտ ապագայում հավանական է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպում՝ ընդգծելով, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է հայտնել նման հանդիպման ցանկության մասին։

Միևնույն ժամանակ Դոնբասի շուրջ կողմերի կտրականապես տարբեր դիրքորոշումները բանակցային գործընթացը պահում են բարդ և զգայուն փուլում։

Ըստ վերլուծաբանների՝ այժմյան գործընթացների լուրջ առավելությունն այն է, որ աղմկոտ, բայց կառուցողական դիվանագիտություն է ընթանում, որտեղ անվտանգային երաշխիքները, տնտեսությունը, հրադադարը և հումանիտար հարցերը քննարկվում են միաժամանակ։ Սակայն նրանք կարծում են, որ Դոնբասի կարգավիճակի հարցը կմնա ամենախնդրահարույցը, և դրա շուրջ վերջնական որոշում կկայացվի միայն ապագայում՝ որոշակի քաղաքական  գործընթացների հետևանքով։

Եվրոպայի արձագանքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Թրամփ-Զելենսկի հանդիպմանը։ Նա ասել է, որ, այսպես կոչված, Կամավորների կոալիցիային մաս կազմող երկրները հունվարի սկզբին կհավաքվեն Փարիզում։ Մակրոնը նույն առաջընթացի մասին է խոսել՝ շեշտելով անվտանգության երաշխիքները:

«Մենք առաջընթաց ենք գրանցում անվտանգության երաշխիքների հարցում, որոնք կենտրոնական նշանակություն կունենան արդար և դիմացկուն խաղաղություն կառուցելու համար»,— գրել է Ֆրանսիայի նախագահը։

Leave a Comment