29 դեկտեմբերի 2025 – 18:20 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ կառավարությունը պատրաստվում է Թուրքիայի հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիների՝ Հայաստան այցելության մուտքի արտոնագրի տրամադրումն անվճար դարձնել։ Նախագիծը գործադիրի գրավոր քվեարկության հարցերում է ընդգրկված, հայտնում է Factor.am-ը։
«Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փոխադարձության սկզբունքով 2026թ. հունվարի 1-ից Հայաստանն ու Թուրքիան E-Visa համակարգով առանց պետտուրքի՝ անվճար, Հայաստան և Թուրքիա մուտք գործելու համար անհրաժեշտ արտոնագիր ստանալու հնարավորություն են ստեղծելու ՀՀ և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց համար»,–ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Այս փոփոխության արդյունքում՝ մինչև 21 օր ժամկետով Հայաստան մուտք գործելու համար անհրաժեշտ արտոնագիրը հնարավոր կլինի ստանալ էլեկտրոնային եղանակով՝ պետական տուրքի զրոյական դրույքաչափով։
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիա–ՀՀ հարաբերություններում մինչև տարեվերջ հնարավոր են սիմվոլիկ քայլեր։
Գործող իրավակարգավորումներով ՀՀ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանված է Թուրքիայի մուտքի արտոնագրի տրամադրման վճար: Մյուս կողմից, Թուրքիայի Հանրապետության ծառայողական և հատուկ անձնագրեր կրող անձանց համար սահմանված է Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման վճար: