Բաքուն ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցած ադրբեջանցիների դեմ քրեական գործ է հարուցել

Իրավապահ մարմինների հետաքննությունների և լրատվամիջոցների հաղորդագրությունների հիման վրա վերջերս պարզվել է, որ Ադրբեջանի մի շարք  քաղաքացիներ մասնակցում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող ռազմական գործողություններին, ինչպես նաև այլ զինված հակամարտությունների։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

«Ցավով նշում ենք, որ այս ռազմական գործողությունների արդյունքում զոհվածների, ծանր վիրավորների և գերի ընկածների թվում կան մեր քաղաքացիներ։ Տեղեկացնում ենք, որ Ադրբեջանը իր քաղաքացիների կյանքի, անվտանգության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը համարելով պետության բարձրագույն նպատակ և պարտականություն, և հիմնվելով իրավական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի վրա՝ ամուր և անզիջում դիրքորոշում է ընդունում անօրինական գործունեություն ծավալող ցանկացած անձի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ օտարերկրյա պետությունների տարածքում զինված հակամարտություններին մասնակցելը ոչ միայն անձնական ընտրություն է, այլ ազգային քրեական օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան՝ լուրջ, իսկ որոշ դեպքերում՝ հատկապես լուրջ հանցագործություն։

Ադրբեջանի քրեական օրենսգրքի համաձայն՝ վարձկանությունը, այսինքն՝ նյութական պարգև ստանալու նպատակով գործունեությանը մասնակցելը, երբ անձը հանդիսանում է ռազմական հակամարտությանը կամ ռազմական գործողություններին չմասնակցող, նրա տարածքում մշտապես չբնակվող  քաղաքացի, ինչպես նաև Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների գործունեությանը մասնակցելը, համարվում է հանցագործություն, որը պատժվում է 8-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

Նշվում է, որ իրավապահ մարմինները քրեական գործեր են հարուցել նմանատիպ գործունեությամբ զբաղվող Ադրբեջանի մի շարք քաղաքացիների նկատմամբ: Որոշ դեպքերում նախաքննություններն ավարտվել են, գործերն ուղարկվել են դատարաններ, և մեղավոր ճանաչվածները ստացել են երկարատև ազատազրկման պատիժներ: Այս կատեգորիայի այլ քրեական գործերի նախաքննությունները ներկայում շարունակվում են:

«Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին մնալ զգոն, չտրվել անօրինական կոչերին և հարգել մեր երկրի օրենքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Վերջերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը նշել էր, որ արտասահմանյան հետախուզությունն ավելի շատ ադրբեջանցի վարձկանների է հավաքագրում՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment