Միրզոյան. Առաջիկա շաբաթներին կունենանք հայ-ամերիկյան փաստաթուղթը, 2026-ի 2-րդ կեսին շինարարությունը կսկսվի

Միրզոյան. Առաջիկա շաբաթներին կունենանք հայ-ամերիկյան փաստաթուղթը, 2026-ի 2-րդ կեսին շինարարությունը կսկսվի

29 դեկտեմբերի 2025 – 14:29 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ամփոփել է 2025–ի արտաքին քաղաքականությունը՝ հատկապես կարևորելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը։ Նախարարը նշել է, որ կողմերը պարտավորվեցին և հանձն առան և ճանաչեցին, որ ամբողջ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։

Անդրադառնալով TRIPP–ին՝ Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին, շաբաթներին արդեն «կունենանք նաև առաջին հնարավոր փաստաթուղթը և հետագայում արդեն կհասնենք նրան, որ հաջորդ տարվա երևի 2–րդ կեսին գետնի վրա շինարարություն էլ կունենանք»։

«Այս ուղղությամբ մեր աշխատանքները շատ ինտենսիվ շարունակվում են ինչպես առաջ, այնպես էլ այսօր։ Մենք շահագրգիռ ենք օր առաջ ունենալ ամբողջական ապաշրջափակում, օր առաջ գործարկել «ԹՐԻՓՓ» ենթակառուցվածքներ, այդ թվում և գուցե այսպես գնահատում ենք, որ առաջինը երկաթուղին կլինի օբյեկտիվորեն։ Եվ այդ երկաթուղով Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ, կարող է արտահանել, կարող է ներմուծել և նաև Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով անցնել և ընդհանրապես երրորդ երկրները, չգիտեմ, Պորտուգալիան և Կենտրոնական Ասիայի երկրները կարող են կապվել իրար հետ։ Մի փոքր առաջ անցնելով՝ ուզում եմ ասել, որ մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք հռչակված սկզբունքներից անդին արդեն ավելի դետալիզացված պայմաններ, իրավունքներ, պարտականություններ հստակեցնելու առումով»,–ասել է Միրզոյանը։

Նա վստահեցրել է, որ ինչպես Իրանը, այնպես էլ Ռուսաստանը հակված են տեսնելու ապաշրջափակման ծրագրերում համագործակցության հնարավորություններ՝ ընդգծելով, որ դրանց դեմ հանդես գալու իրական հիմքեր չկան։

«Ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որքանով ես եմ իմ իրանցի գործընկերներից լսել և իմ գործընկերներն են իրանցի գործընկերներից լսել, հարցեր Իրանում որոշակի առաջացրել է, հարցերին տրվել են պատասխաններ։ Եվ հիմա, և՛ մենք, և՛ Իրանը ենթակառուցվածքների ապաշրջափակման մեջ հնարավորություններ ենք տեսնում ավելի, քան որևէ բաց հարցեր, կամ նույնիսկ մտահոգություններ։ Նորից եմ կրկնում` այն ենթակառուցվածքները, որոնք կառուցվելու են կամ վերակառուցվելու են, գործարկվելու են կամ վերագործարկվելու են, նույն Իրանի համար հնարավորություններ են ստեղծելու. ինչո՞ւ պետք է Իրանը դեմ լինի այդ ծրագրերին։

Նույն տրամաբանությամբ Ռուսաստանը: Հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի իրենք ևս առնչվեն այս թեմաների հետ։ Այո՛, և մենք այս մասին լսել ենք պաշտոնական մեկնաբանություններ Ռուսաստանից, եթե չեմ սխալվում, որ իրենք էլ են պատրաստ մասնակցել, իրենք էլ են պատրաստ աջակցել։ Օրեր առաջ վարչապետն ասաց, որ ռուսական կողմին առաջարկել է և մեր ծրագիրն է ներկայացրել` ասելով, որ պակասող որոշակի հատվածներում երկաթուղային ենթակառուցվածքները պետք է հնարավորինս արագ վերակառուցվեն։ Սա ներգրավմա՞ն ձև է. այո՛, կարծում եմ»,–ասել է նա։

Նա վերահաստատել է, որ Հայաստանը փորձում է ներդաշնակել շահերը բոլոր կողմերի միջև՝ ընդգծելով, որ նման ծրագրերը ոչ միայն ամրապնդում են խաղաղությունը, այլ նաև տնտեսական առաջընթացի խթան են։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։

Leave a Comment