Փարիզաբնակ արվեստագետ Աշոտ Աշոտը հայկական ավանգարդի և կոնցեպտուալ արվեստի առանցքային դեմքերից է։
Արվեստագետի հետ խոսում ենք՝ ի՞նչ է ազատությունը խորհրդային ժամանակներում, ի՞նչ է այն Փարիզում և ի՞նչ է այն այսօր՝ Հայաստանում, ինչպիսի՞ն է իրականությունն ըստ նրա, երբ կան օրինակ՝ հիբրիդային պատերազմներ, ինչպե՞ս խորհրդային Հայաստանում արվեստագետները «վերցրեցին» իրենց ազատությունը, իսկ Ֆրանսիայում դա հնարավոր չէ և այլն։
Արվեստագետի համոզմամբ՝ ազատությունն ամենևին այն չէ, երբ մարդն անում է այն ամենը, ինչ ցանկանում է։ «Եթե իրականությունը համապատասխանում է իմ բնությանը, ես ազատ եմ։ 80–90 ականների բոլոր շարժումները, որ Հայաստանում եղավ, ամեն պայքարող իր բանաձևն էր առաջարկում, իր լուծումը՝ ազատությունը վերագրավելու։ Ազատության իմ առաջարկը դա այն էր, որ մարդը պետք է իրեն փոխի։ Եթե մենք մեզ չփոխենք, իրականությունն անընդհատ լինելու է ուրիշ և մենք անընդհատ մեզ դժբախտ ենք զգալու»։
Աշոտ Աշոտը նշում է, որ խոսքը կոմֆորմիզմի կամ հարմարվողականության մասին չէ, այլ պարզապես իրականությանը այլ չափանիշներով նայելու մասին, որպեսզի կարողանաս քեզ մարդ զգալ և փոխհարաբերությունների ու ժամանակի մեջ տեսնել իրական պատկերը։
«Եթե վերադառնանք 80–90 ականներ, մենք փորձեցինք հեղափոխությունը իբրև ազատություն ստանալու եղանակը, փորձեցինք կրթություն, հազար ու մի բան։ Մեկ կուսակցությունը մեկ այլ կուսակցությունով փոխեցինք, բայց իրականում ի՞նչ փոխվեց։ Կաշառքը չի վերանում, բռնությունը, չարաշահումը չեն վերանում, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մարդը փորձի ինքն իրեն փոխել և հասկանա որ այդ ղեկավարման հիերարխիան չի սահմանափակվում միայն նախագահի կամ վերնախավի գոյությամբ, այլ սկսվում է հենց իրենից»
Ֆրանսիա տեղափոխվելիս արվեստագետը կարծում էր, թե իր ազատամիտ ստեղծագործություններն այնտեղ անմիջապես և հեշտությամբ կընդունվեն, սակայն, իրականությունն այլ էր։ Եթե Հայաստանում հասարակությունը երբեմն դժվարությամբ է ընկալում նորը, ապա այնտեղ հասարակությունը որոշակիորեն հղփացած է և համոզված, որ իրենք արդեն լավագույնն են։ Չնայած սրան՝ Աշոտ Աշոտը չփոխեց իր արվեստի խառնվածքը։ Նա փորձեց յուրօրինակ «իմպլանտացիա» անել, ինչը հաջողվեց, քանի որ եվրոպական հողը պարարտ էր ազատ ստեղծագործելու համար։ Այդուհանդերձ, ի հայտ եկավ մի նոր խնդիր, որի մասին արվեստագետը նախկինում չէր մտածել։ Դա երկրի պատմությունն է, որը նույնպես սահմանափակում է ազատությունը, և որից փախչել հնարավոր չէ։