
Կոսովոյում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող «Ինքնորոշում» կուսակցությունը՝ վարչապետ Ալբին Կուրտիի գլխավորությամբ։
Կոսովոյի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ կուսակցությունը հավաքել է ձայների 49.8 տոկոսը՝ ապահովելով նոր խորհրդարանի տեղերի գրեթե կեսը։
Արդյունքը թույլ է տալիս «Ինքնորոշում»-ին՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների աջակցությամբ, ձևավորել կառավարական մեծամասնություն։
Ընդդիմադիր Կոսովոյի Դեմոկրատական կուսակցությունը և Կոսովոյի Դեմոկրատական լիգան զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 21 և 13.6 տոկոս արդյունքներով։
Ընտրություններից հետո վարչապետ Կուրտին քվեարկությունն անվանել է «ազատ և ժողովրդավարական»՝ ընդգծելով, որ նոր մանդատով կառավարությունը շարունակելու է իր քաղաքական գիծը՝ հանդիպելով լուրջ մարտահրավերների։
Նախորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարին և նույնպես ավարտվել են «Ինքնորոշում» շարժման հաղթանակով, սակայն կուսակցությունը չէր կարողացել ապահովել բացարձակ մեծամասնություն, ինչը փաստացի կաթվածահար էր արել կառավարության աշխատանքը։