Երեմն սոցհարթակներով տարբեր հաղորդումներիցս դժգոհ ՔՊ-ական պաշտոնյաներ նամակ են գրում, թե՝ էնքան լավ բաներ են կատարվում մեր երկրում, բայց դուք չեք ուզում տեսնել․ ու թվարկում են իրենց գնահատմամբ դրական բաներ, որ իրականում խիստ մանրուք է տեղի ունեցող բացասականի համեմատ․ հարցեր, որոնք մի սովորական համայնքապետի, տնօրենի լուծելուն են, սրանք ներկայացնում են իրենց կատարած մեծ աշխատանք։
Անցնողց տարին սկսեցինք նոր հարկերով, հարկերի ավելացումներով․ ի դեպ՝ հենց 2026 թվականը սկսելու ենք գույքահարկի մոտ 35 տոկոս թանկացմամբ, եթե ոչ ավելի։ Ես դրա մեջ որքան էլ փորձեմ, լավը չեմ կարող տեսնել․ պաշտոնյաները կտեսնեն, որովհետև իրենց հայտարարագրերում դա կերևա ֆինանսների ավելացման տեսքով։ Այն, որ հաջորդ տարի մեր երկրի ամենամեծ խմբերից մեկի՝ թոշակառուների գումարները չեն ավելանալու, բայց ամեն ինչ թանկացել է, դրա մեջ էլ չեմ կարող լավ բան տեսնել։ Երևի ՔՊ-ականները տեսնում են։ Այս տարվա ընթացքում 10-ից ավելի բողոքի ակցիա են արել տարբեր խաբեությունների զոհերը․ ամեն օր զգուշացնում են, որ էնքան են շատացել խաբեությունները, մարդկանցից փող շորթելը, որ պետք է հերոս լինես՝ չխաբվելու համար։ Սրա՞ մեջ լավը տեսնեմ, թե՞ նրա, որ անցնող տարում չենք ունեցել օր առանցբ փողոցներում կրակոցների ու զոհերի։
Հատկապես տարվա երկրորդ կեսին չի եղել շաբաթ, որ փողոցում, ինչ-որ առիթի չհանդիպի մի գործարար՝ անկախ բիզնեսի չափից ու չբողոքի իր բիզնեսի կամ իր ոլորտի դեմ հարկային տեռորից։ Դա էլ ուրախանալու առիթ չէ ու ոչ էլ այն, որ պետական պարտքն ավելացավ ևս 1 մլրդ դոլարով։ Այ Նիկոլը կարող է ուրախանալ, որովհետև տարվա ընթացքում 30-ից ավելի արտասահմանյան այց ունեցավ, հեծանիվ քշեց այնպիսի քաղաքներում ու մայրաքաղաքներում, որ անգամ երազներում չէր տեսել, ոչ էլ լսել անունը։ Միջին հաշվարկով, ամեն ամիս եղել է 3 երկրում ու այնքան շռայլ է ծախսել, որ պետական բյուջեից լրացուցիչ գումար հատկացրին իր թռիչքներին։
Այս տարի Փաշինյանը վերջնականապես իր վրայից գցեց ժողովրդական իշխանության քողը․ մեր աչքում այն զիջել էր 2018 թվականի հունիս ամսից, բայց պաշտոնապես այդ մասին հայտարարեց 2025 թվականին՝ «կառավարությունը ես եմ» ձևակերպմամբ։ Ու այլևս հանդես է գալիս էդ դիրքերից, ինքն է ամեն ինչ որոշում։ Մեր երկրում այլ պետական կառույց չկա։
Անցնող տարին սկսեց իշխանության պարտությամբ, հենց գարնանը համայնքապետերի ընտրություններ տեղի ունեցան Գյումրիում ու Փարաքարում, որտեղ ՔՊ-ն պարտվեց, բայց տարին ավարտում ենք հաղթած թեկնածուներից մեկի սպանությամբ, մյուսի բանտարկությամբ։ Ու թեև ՔՊ-ականները կարող են լավ բան տեսնել նրա մեջ, որ 30-40 քաղբանտարկյալ կա ու հարյուրավոր քաղհալածյալներ, բայց դա մեր պետութան ամոթն է։ Տարվա աղմկահարույց իրադարձություններից է Բագրատ սրբազանի և նրա աջակիցների գլխին սարքելն ու բանտարկելը տեռորիզմի հոդվածով։ Մոտ երկու տասնյակ մարդկանց բռնեցին, այստեղից- այնտեղից ձայնագրություններ կտրտեցին-կպցրին, պատգամավոր Արթուր Սարգսյանին կալանքի տարան․ բայց դատարանում գործը փուլ է գալիս։
Շինծու քրեական գործերով այս պահին կալանավորված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 4 սրբազան՝ Բագրատ արքեպիսկոպոսը, Միքայել արքեպիսկոպոսը, Արշակ արքեպիսկոպոսը, Մկրտիչ եպիսկոպոսը։ Սա եկեղեցու վրա ամենալկտի հարձակումն է։ Սրբազանների կալանքը եկեղեցու դեմ պատվերով արշավի ուղղություններից մեկն էր։ Մայր Աթոռի վրա տեղի ունեցավ մի քանի հարձակում՝ ԱԱԾ-ով, ոստիկաններով, ՔՊ-ականներով։ Ու չնայած որոշ հոգևորականների իրենցով արեցին՝ օգտվելով նրանց դեմ կոմպրոմատների առատությունից, բայց վստահաբար՝ թշնամիների հարձակումից ոտքի կանգնած եկեղեցին Նիկոլի հարձակմանը կդիմանա ու կդիմանա, ինչքան էլ ասպատակեն կարգալույծ քահանաներով շրջիկ պատարագներով։
Տարվա ամենախայտառակ իրադարձություններից էր բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը՝ անիմաստ քրեական գործով։ Շատ ուզենալով կանխել Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ՝ Նիկոլ Փաշինյանը նրան կալանավորեց և ինչպես բոլոր մյուս կալանքների դեպքում է, շատ անհեթեթ մեղադրանքով։ Հետո Սամվել Կարապետյանից խլեցին ՀԷՑ-ը։ Գիտե՞ք, կարծում եմ, որ ՀԷՑ-ը ավելի շատ ոչ թե Սամվել Կարապետյանից են խլել, այլ հայ ժողովրդից․ որովհետև գործարարը այսպես թե այնպես կստանա իր գումարները, փոխհատուցում, տույժեր, բայց մենք կստանանք հոսանքի թանկացում լավագույն դեպքում, իսկ որ ավելի հնարավոր է՝ այն կանցնի թուրքերին։
Տարվա մյուս իրադարձությունը օգոստոսի 8-ի հռչակագիրն էր Վաշինգտոնում․ սրանք ուզեցին ցույց տալ, թե այն խաղաղության պայմանագրին նախորդող հավաք է, բայց իրականում այն ընդամենը Զանգեզուրի միջանցք կոչվածի հանձնում էր։ Հիմա ՔՊ-ն առաջարկում է սա՞ որպես դրական լուր ընդունեմ, որ միջանցքը հանձնել են, թե՞ այն, որ Նիկոլը այցելել էր թուրքական տուն և կրծքին սեղմել Էրդողանի գիրքը։ Մյուս իրադարձությունը ժողովրդին տրամադրելն էր ադրբեջանական ապրանքին․ նախ Ադրբեջանի տարածքով բերվեց երրորդ կարգի ցորեն, ապա հենց Ադրբեջաբնից գնեցին բենզին․ ի դեպ՝ բենզին, որից Ադրբեջանը չի արտադրում, ինքն էլ գնել է ու մեզ ծախել․ վստահ եմ՝ հասկանալի են նպատակները․ դա արժանապատվության ստուգում է, որը, ցավոք կավարտվի մեր պարտությամբ․ ի վերջո՝ գնվելու է այդ և հաջորդիվ եկող բենզինը։ Ու Նիկոլը մեռավ շնորհակալություն հայտնելով Ալիևին։
Մյուս ամենավատ իրադարձություններից է այն, որ մենք շարունակում ենք գերի ունենալ ադրբեջանական բանտերում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնց նկատմամբ ցմահ ազատազրկման վճիռներ են փորձում կայացնել։ Հայաստանի իշխանությունը մատը մատին չի տալիս՝ նրանց հետ բերելու համար։ Իրեն ձեռնտու չեն։ Տարվա ընթացքում Ադրբեջանը որքան կարող էր՝ փքեց «Արևմտյան Ադրբեջան» թեզը, որն էլ լեգիտիմացնում է Նիկոլ Փաշինյանը։ Խորը կասկածներ ունեմ, որ եթե ընտրություններում Փաշինյանն անցնի, նա բացի Ալիևի հագով սահմանադրություն կարելուն, նաև Հայաստան է բերելու ադրբեջանցիների։
Չմոռանամ հիշել բանակցային փաստաղթթերի հրապարակումը, որով մեկ անգամ ևս հաստատվեց, որ Նիկոլ Փաշինյանն ունեցել է բանակցությունները խաղաղ և հօգուտ Արցախի ու արցախցու ելքով ավարտելու հնարավորություն, բայց գերադասել է պատերազմն ու պարտությունը։
Հաջորդ՝ 2026 թվականի գլխավոր իրադարձությունը ընտրություններն են։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ անելու են մնալու համար, անելու են ոստիկանության, բեսպրեդելի, քրեական նգործեր մոգոնելու օգնությամբ, անելու են Արևմուտքի ու նրանց դրամաշնորհների օգնությամբ, անելու են անգամ թուրքի ու ադրբեջանցու օգնությամբ։ Հայաստանում այս պահին՝ ընտրություներից 6 ամիս առաջ, չկա կոնսոլիդացիա քաղաքական ուժերի մոտ։ Դա չի նշանակում մեկ ցուցակ, դա նշանակում է՝ համախմբում գաղափարի շուրջ․ տեսնում ենք, որ նոր ուժեր են ի հայտ գալիս, բայց փորձում են կայանալ իրական ընդդիմադիրների հաշվին, ձայն գողանալ ու փոշիացնել։ Իհարկե՝ կան նաև հայտ ներկայացրած խոշոր ուժեր, որոնք հույս են ներշնչում փոփոխությունների։ Այս պահին ակնհայտորեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և քաղբանտարկյալ, բարերար Սամվել Կարապետյանի ուժերն են։ Հուսանք՝ մինչ ընտրություններ այլ խոշոր և իրապես ընդդիմադիր ճակատներ կձևավորվեն և կփորձեն արդար, վճռական պայքար մղել՝ խուսափելով ձայների փոշիացումից ու պառակտումներից։
Կարևոր եմ համարում ազգային արժեքների, եկեղեցու ոտնահարմանը, աշխարհաքաղաքական անհասկանալի այս իրավիճակին վճռական դեմ հանդես եկող ժողովրդի առկայությունը, և կարծում եմ՝ հնարավոր կլինի արդյունքի հասնել։ Կարևորը մեր երկրում անտարբերների մեծ բանակին ընտրատեղամաս տանելն է՝ ՔՊ-ին ու նրա ղեկավարին բոյկոտելու ակնկալիքով։ Կարծես թե այդ դաշտը զբաղեցվում է, ինչը շատ լավ է։
Կարճ ասած՝ 2018 թվականից անդրադառնում եմ ես և ինձ հետ նաև շատերը, հարցին, թե ինչ վտանգներ են մեզ սպասում, և ամեն անգամ արձանագրում ենք ցավով, որ դրանք իրականացել են։ Ու ամեն հաջորդ վտանգը ավելի սարսափելի է լինում։ 2021-ին ասում էինք, որ եթե Նիկոլը մնա, ավելի մեծ վտանգ է սպասում, քան պատերազմում պարտությունն է։ Ասում էին՝ դրանից էն կողմ ինչ վատ բան պետք է լինի։ Մնաց, ու կորցրինք Արցախը, Հայաստանն էլ մազից է կախված։
2018 թվականի տարեմուտին մարդկանց մի մասը մաղթում էր, որ հաջորդ Ամանորին Փաշինյանով չդիմավորենք, 2019-ին ավելի շատ թվով մարդիկ էին ցանկանում, այսօր՝ գրեթե բոլորը, մինուս մի խմբակ։ Եվ ուրեմն, մաղթում եմ, որ գալիք տարում իրականացվի այդ թեզը։ Կա հնարավորություն արժանապատվության վերականգնման։ Հումոր է դարձել Իտալիայի վարչապետի խոսքը, որ «անցնող տարին դժվար էր բոլորիս համար, բայց մի անհանգստացեք, հաջորդ տարին ավելի վատ է լինելու»: Եթե սրանք մնացին, մեզ համար երաշխավորված է հաջորդ բոլոր տարիների վատ լինելը։
Սևակ Հակոբյան