«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված վարչական վերահսկողություն խափանման միջոցը փոխարինվել է երկրից չբացակայելու արգելքով:
Արտակ Սարգսյանի փաստաբան Արա Զաքարյանը ենթադրում է, որ ՀՀ դատախազությունը կարող է Վճռաբեկ դատարանին բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, բայց, գոնե այս պահին, այդ մասին հստակ տեղեկություն չունի:
Օրերս, փաստաբանը Վերաքննիչ դատարանից ստացել է որոշում, որի հիման վրա էլ քննիչի և դատախազության առջև միջնորդություններ է պատրաստվում ներկայացնել, որոնց բովանդակության մասին առայժմ չի ուզում բարձրաձայնել:
«Այս պահի դրությամբ քայլ է ձեռնարկվում, որպեսզի պաշտպանյալիս ազատ տեղաշարժի իրավունքը վերականգնվի: Այսինքն, դատարանը խափանման միջոցները վերացրել էր, բայց երկրից բացակայելու արգելքն այս պահին փաստացի կա և պետք է նաև այն վերացվի»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Արա Զաքարյանը:
Նա նկատում է, որ առաջին անգամ ՀՀ դատական համակարգում համաձկաություն եղավ ԱրտակՍարգսյանի գործով արձանագրելու, որ նրա նկատմամբ ավելի քան տարի ու կես ընթանում է հետապնդում, որը հիմնավոր պատճառներ չունի:
«Կասկած անգամ չկա, որ Արտակ Սարգսյանը կարող էր կատարել իրեն մեղսագրված արարքը. սա աննախադեպ երևույթ է: Այս պարագայում, Արտակ Սարգսյանին Վճռաբեկ դատարանի կողմից տնային կալանքի վերցնելու որոշումը ևս դառնում է անօրինական, որովհետև այն նյութերը, որոնք ներկայացվել են Վերաքննիչ դատարան, այնտեղ ասվեց, որ սրանցով չի փաստվում հիմնավոր կասկածը, իսկ Վճռաբեկ դատարանը, աչքերը փակ, որոշում է կայացրել»,-ասաց Արա Զաքարյանը:
Փաստաբանի դիտարկամամբ, Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Արա Զաքարյանը պնդում է՝ Արտակ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ոչ թե նրա համար, որ նա առեևույթ հանցանք է կատարել, այլ զուտ նրա համար, որ Սարգսյանը ընդդիմադիր հայացքներ ունի, որոնք հրապարակավ ներկայացրել է, ինչպես նաև նա մտադրված է իր կուսակությունով մասնակցել 2026 թվականի ընտրություններին:
Արմինե Մկրտումյան