Կոբախիձե. ԵՄ-ն պետք է շահագրգռված լինի Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ

Եվրամիությունն ինքը պետք է շահագրգռված լինի Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» վրացական հեռուստաալիքին տված նախաամանորյա հարցազրույցում։

«Օբյեկտիվորեն, Եվրամիության շահերից է բխում Վրաստանի հետ առողջ հարաբերությունների վերականգնումը։ Երբ դա չի արվում, մենք կարող ենք տրամաբանորեն եզրակացնել, որ եվրոպական բյուրոկրատիան չի գործում ինքնիշխանորեն և չի համապատասխանում Եվրամիության և եվրոպական հասարակության շահերին», – ասել է Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանը միակ երկիրն է, որը Սև ծովի միջոցով Կենտրոնական Ասիայի պետությունները կապում է Եվրոպայի հետ։ Կոբախիձեն նշել է, որ աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով՝ Բրյուսելը պետք է մուտք գործի նոր շուկաներ։

2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որից հետո երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ։

Leave a Comment