2025 թվականը համաշխարհային մետաղների շուկայի համար բնորոշվեց բարձր տատանումներով, երբ գների կտրուկ աճերը զուգորդվում էին առանձին ժամանակահատվածներում նկատվող թուլացմամբ։ Գնային շարժերը պայմանավորված էին ինչպես մատակարարման սահմանափակումներով, այնպես էլ գլոբալ տեխնոլոգիական և էներգետիկ պահանջարկի փոփոխություններով։
Պղինձ․ պատմական առավելագույններ և մատակարարման ճնշում
Պղնձի գինը 2025-ին հասել է պատմական առավելագույն մակարդակի՝ գերազանցելով 12,000 ԱՄՆ դոլարը մեկ տոննայի դիմաց։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ աճը պայմանավորված է գլոբալ մատակարարման լարվածությամբ, ինչպես նաև էներգետիկ անցման, վերականգնվող էներգիայի և արհեստական բանականության կենտրոնների կողմից պահանջարկի կտրուկ աճով։
Միևնույն ժամանակ, շուկայի վրա ճնշում են գործադրել նաև մատակարարման խափանումները․ մասնավորապես՝ Grasberg հանքավայրում (Գրասբերգի հանքավայրը ամենամեծ ոսկու հանքն է և պղնձի մեծությամբ երկրորդ հանքավայրը։ Գտնվում է Ինդոնեզիայի Պապուա նահանգում) և մի շարք այլ խոշոր հանքերում արձանագրված տեխնիկական ու արտադրական խնդիրները։
Կարճաժամկետ կանխատեսումներով, պղնձի գինը 2026 թվականին կշարունակի պահպանվել բարձր մակարդակներում՝ պայմանավորված էլեկտրացման գործընթացների, էլեկտրական ավտոմեքենաների (EV) և վերականգնվող էներգետիկ ենթակառուցվածքների շարունակական զարգացմամբ։
Ոսկի․ ռեկորդներ «ապահովության» պահանջարկի ֆոնին
Ոսկին 2025-ին ևս հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ արձանագրելով ավելի քան 70 տոկոս աճ և սահմանելով նոր ռեկորդներ։ Գների աճը պայմանավորված է աշխարհաքաղաքական և ֆինանսական ռիսկերի աճով, ինչպես նաև ներդրողների կողմից «անվտանգ ապաստան» ակտիվների նկատմամբ հետաքրքրության ուժեղացմամբ։
Վերլուծական գնահատականների համաձայն՝ եթե գլոբալ անորոշությունը պահպանվի, իսկ մոնետար քաղաքականությունը շարունակի մեղմացման միտումը, ապա 2026 թվականին ոսկու գինը կարող է բարձրանալ մինչև 4,900–5,000 ԱՄՆ դոլար մեկ ունցիայի դիմաց։
Այլ մետաղներ․ խառը, բայց ընդհանուր առմամբ բարձր մակարդակներ
-
Արծաթը, պլատինը և պալադիումը շարունակում են պահպանվել պատմական բարձր մակարդակների մոտ՝ հիմնականում շարժվելով ոսկու գնային դինամիկայի հետ համընթաց։
-
Նիկելը մնում է բարձր տատանողականությամբ մետաղներից մեկը։ Գների անկայունությունը պայմանավորված է ինչպես արտահանման քաղաքականությամբ (հատկապես Ինդոնեզիայի դեպքում), այնպես էլ էլեկտրական մեքենաների մարտկոցների շուկայում պահանջարկի փոփոխություններով։
-
Միաժամանակ, Համաշխարհային բանկի մետաղների ինդեքսը 2025–2026 թվականներին կանխատեսվում է որոշակի թուլացում՝ գլոբալ արդյունաբերական ակտիվության դանդաղման ֆոնին, հատկապես Չինաստանում։
Չնայած առանձին մետաղների վերաբերյալ դեռևս չկա լիարժեք կոնսենսուսային կանխատեսում, սակայն վերլուծաբանները նշում են, որ երկարաժամկետ կտրվածքով մետաղների շուկան մնում է բարձր գների տրամաբանության մեջ։ Բարձր պահանջարկի և մատակարարման կառուցվածքային սահմանափակումների համադրությունը հատկապես կրիտիկական և ռազմավարական նշանակության մետաղների դեպքում շարունակում է ձևավորել գների վերելքային ճնշում։

