Չարենցավանի քաղաքային մարզադաշտին կից մարզահամալիրում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների 2025 թվականի առաջնությունը։ Ստուգատեսի արդյունքներով ձևավորվել է ազգային հավաքականի նոր կազմը, որը կպատրաստվի գալիք միջազգային մրցաշրջանին։
Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանի չեմպիոնի կոչմանն են արժանացել և հավաքականը համալրել հետևյալ ըմբիշները.
- 57 կգ՝ Մավել Խնձրցյան
- 61 կգ՝ Մեժլում Մեժլումյան
- 65 կգ՝ Արման Մուսիկյան
- 70 կգ՝ Վազգեն Թևանյան
- 74 կգ՝ Նարեկ Հարությունյան
- 79 կգ՝ Հրայր Ալիխանյան
- 86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան
- 92 կգ՝ Կնյազ Իբոյան
- 97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան
- 125 կգ՝ Մարտին Սիմոնյան
Առաջնությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 74 ըմբիշ։ Մասնակիցների սակավության պատճառով 79 կգ, 86 կգ և 97 կգ քաշային կարգերում գոտեմարտերն անցկացվել են շրջանաձև մրցակարգով։ Մրցավարական անաչառությունն ապահովելու նպատակով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրավիրել էր հինգ օտարերկրացի մրցավարների։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է առաջնության արդյունքները։ Մասնագետը գոհունակություն է հայտնել երիտասարդ մարզիկների կատարած աշխատանքից և գրանցված արդյունքներից, սակայն մտահոգություն է հայտնել մասնակիցների քանակի վերաբերյալ։
Ըստ Կուրղինյանի՝ մասնակիցների թվի նվազման միտումը նկատելի էր դեռ նախորդ տարիներին, և հիմնական խնդիրը կապված է զինվորական ծառայության և տարկետման իրավունքի հետ։
«Այս իրավիճակի միակ լուծումը զինվորական ծառայության ու տարկետման հետ կապված հարցի կարգավորումն է, քանի որ մարզիկներից շատ քչերն են հասցնում կայանալ մինչև 17-18 տարեկանը»,- ընդգծել է գլխավոր մարզիչը:
Առաջնության ավարտից հետո նոր ձևավորված հավաքականը կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Առաջին ուսումնամարզական հավաքը նախատեսված է անցկացնել հունվարին՝ Ծաղկաձորում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չարենցավանում կայացել էր նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել էր 69 մարզիկ։