«Նովոստի-Արմենիա» գործակալությունը պատմում է, թե ինչպիսի՞ն կլինի Հրեղեն Ձիու տարին ֆինանսական առումով և ի՞նչ է նախապատրաստել կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ 2026 թ.-ին Կանաչ Փայտե Օձին փոխարինելու է գալիս Հրեղեն Ձին, որն օժտված է շարժում ու փոփոխություններ խոստացող հզոր էներգիայով: Հրեղեն Ձիու տարին սկսվում է 2026 թ.-ի փետրվարի 17-ին և ավարտվում 2027 թ.-ի փետրվարի 5-ին: Ինչպիսի՞ն կլինի այն ֆինանսական առումով և ի՞նչ է նախապատրաստել կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար:
Այս հարցերին պատասխանելու համար «Նովոստի-Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է համացանցում առկա աստղագուշակների տարբեր կանխատեսումները՝ առանձնացնելով դրանց ֆինանսական բաղադրիչը:
Բայց նախ՝ ընդհանուր տեղեկություններ Ձիու տարվա մասին

Ձին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում արևելյան խորհրդանիշներում։ Չինական մշակույթում այն կապված է ազնվականության, տոկունության և հաղթանակի հետ. այն խորհրդանշում է կենսունակություն և քաջություն։ Նրա կերպարը հաճախ կտավներում պատկերվում է որպես հաջողության և կարիերայի աճի նշան։
Հրեղեն Ձիու տարին իր հետ բերում է լայնամասշտաբ փոփոխություններ։ Նրա տարերքը Կրակն է, ինչը նշանակում է, որ 2026 թ.-ը կանցնի համարձակության և նոր նախաձեռնությունների մեկնարկի ներքո։ Աստղագուշակները համոզված են, որ 2026-2027 թթ.-երը կդառնան տեխնոլոգիական բացահայտումների և տնտեսական աշխուժացման ժամանակաշրջան։
2026 թ.-ը բազմաթիվ հնարավորություններ կընձեռի կարիերայի աճի և ֆինանսական ձեռքբերումների համար՝ առաջին հերթին նրանց համար, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել և նախաձեռնողականություն ցուցաբերել։ Գալիք տարում բախտը կժպտա հատկապես նրանց, ովքեր կապված են տեխնոլոգիաների, մարքեթինգի, ստարտափների, շոու-բիզնեսի, արվեստի, հաղորդակցության և սպորտի հետ։ Սակայն, դրան զուգահեռ, հնարավոր են նաև ճակատագրի կտրուկ շրջադարձեր՝ անսպասելի ծախսեր, աշխատանքի փոփոխություն կամ տեղափոխություն։
2026 թվականի կանխատեսում կենդանակերպի բոլոր նշանների համար
Խոյ (մարտի 21 — ապրիլի 20)

Այս նշանի ներկայացուցիչների համար 2026 թ.-ը շատ արդյունավետ կլինի: Ֆինանսները կամրապնդեն նպատակների հստակությունը և հույզերի նկատմամբ վերահսկողությունը։ Հաջող գործարքներ հնարավոր են արդեն տարվա սկզբին: Կարևոր է խուսափել իմպուլսիվ ծախսերից, հատկապես փետրվարին և մարտին: Ամառն ու աշունը հարմար են եկամուտների ընդլայնման համար, սակայն դրա համար կպահանջվի կարգապահություն և ռեսուրսներին հստակորեն հետևելու կարողություն: Գլխավոր հաջողությունը թաքնված է երկարաժամկետ պլանավորման և պատասխանատվության մեջ: 2026 թ.-ի ֆինանսական հորոսկոպը Խոյերին խոստանում է բազմաթիվ հաջողված նախագծեր, բայց միևնույն ժամանակ նրանք պետք է սանձեն իրենց հախուռն խառնվածքը:
Ցուլ (ապրիլի 21 — մայիսի 20)

Տարին կսկսվի ֆինանսական կայունությանը սպառնացող փորձություններով: Անհրաժեշտ է խուսափել խոշոր գնումներից և չմտածված ներդրումներից: Երկրորդ եռամսյակը վերականգնման ժամանակաշրջան է: Ամռանը և աշնանը պետք է կենտրոնանալ բյուջեի պլանավորման վրա: Հնարավոր են շահավետ առաջարկներ, սակայն անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծություն: Տարեվերջը կարող է բոնուսներ բերել, սակայն դրա համար պետք է պատրաստ լինել ստանձնել հավելյալ պատասխանատվություն: Աստղերը Ցուլերին բազմաթիվ հաճելի ծախսեր են խոստանում. դրանք կարող են լինել գնումներ ինտերիերի համար կամ թանկարժեք շոփինգ, որոնք կդառնան ներդրումներ լավ տրամադրության և բավարարվածության զգացում ունենալու մեջ:
Երկվորյակներ (մայիսի 21 – հունիսի 20)

Գալիք տարին Երկվորյակների համար կլինի ֆինանսական հնարավորություններն ակտիվորեն փնտրելու ժամանակ։ Մարտն ու ապրիլը լավագույն ժամանակներն են բիզնես որոշումներ կայացնելու և ներդրումներ կատարելու համար։ Ամռանը ցանկալի է խուսափել ռիսկային գործարքներից, իսկ ահա աշնանը կհայտնվեն խոստումնալից նախագծեր, որոնք Երկվորյակներից կարգապահություն կպահանջեն։ Մասնագիտական աճն անմիջականորեն կախված է Երկվորյակների՝ սովորելու և փոփոխվող պայմաններին հարմարվելու ունակությունից։
Խեցգետին (հունիսի 21 – հուլիսի 22)

Խեցգետինների համար Ձիու տարին կփորձարկի նրանց համբերությունը: Տարվա սկզբին շտապողական որոշումները կարող են հանգեցնել կորուստների: Հետևաբար, պետք է զգույշ լինել ծախսերի հետ և խուսափել պարտքերից: Գարունը կբերի կայունություն և եկամտի աճ: Ամռանը և աշնանը մտածեք ներդրումներ կատարելու մասին, հատկապես անշարժ գույքի ոլորտում: 2026 թ.-ի ֆինանսական հորոսկոպը Խեցգետիններին հնարավորություն է տալիս տարվա վերջում շահել ջեքփոթը: Այնուամենայնիվ, շատ Խեցգետինների համար գայթակղիչ առաջարկը կարող է լինել «փորձություն», ուստի անհրաժեշտ է զգուշավորություն ցուցաբերել առաջարկների և ներդրումների հանդեպ:
Առյուծ (հուլիսի 23 — օգոստոսի 22)

Ձիու տարին Առյուծների համար կարիերայի աստիճաններով ակտիվորեն բարձրանալու տարի է։ Ֆինանսական վիճակի բարելավմանը կնպաստի համագործակցությունը հուսալի գործընկերների հետ կամ աշխատանքը խոշոր ընկերություններում։ Հունվարն ու փետրվարը զգուշավորություն ցուցաբերելու ժամանակն է. նշանի ներկայացուցիչները ռիսկ ունեն դառնալու զեղծարարների զոհ։ Ամառը և աշնան սկիզբը հաջող ժամանակահատված է եկամուտների ավելացման համար։ Տարեվերջը կարող է դառնալ նոր նախագծերի մեկնարկի ժամանակահատված, եթե Առյուծները չվախենան նախաձեռնողականություն դրսևորել։ 2026 թվականի ֆինանսական հորոսկոպը Առյուծներին խորհուրդ է տալիս զգույշ լինել ցանկացած տեսակի պարտքերի և վարկերի հարցում։ Ցանկալի է բանկերից վարկեր չվերցնել և մեծ գումարներ պարտքով չտալ։
Կույս (օգոստոսի 23 — սեպտեմբերի 22)

Գալիք տարին Կույսերից կպահանջի կենտրոնացում և աշխատասիրություն։ Առաջին ամիսները լավագույն ժամանակը կլինեն գործընկերներ փնտրելու համար։ Ապրիլից սպասվում են անսպասելի ծախսեր. հարկավոր է ուշադիր լինել ֆինանսների նկատմամբ և պատրաստ լինել հնարավոր դժվարությունների։ Խոշոր գործարքներ հնարավոր են, սակայն դրանց պետք է մանրակրկիտ պատրաստվել։
Կշեռք (սեպտեմբերի 23 — հոկտեմբերի 22)

Ֆինանսների ողջամիտ կառավարման դեպքում Կշեռքների տարին կանցնի ներդաշնակ, սակայն մարտը կարող է որոշակի անհանգստություններ բերել։ Կարևոր է ձեռք բերել դիվանագիտական հմտություններ վեճերը հարթելու համար, որպեսզի գումար չկորցնեք։ Գարնան վերջին լարվածությունը կթուլանա, իսկ աշնանը ինտուիցիան կօգնի կայացնել շահավետ ֆինանսական որոշումներ։ Իմպուլսիվ ծախսերից պետք է խուսափել ողջ տարվա ընթացքում։ 2026 թվականի ֆինանսական հորոսկոպը Կշեռքներին խորհուրդ է տալիս իրականացնել սեփական բոլոր ակտիվների աուդիտ և վաճառել անպետք գույքը, իսկ ստացված միջոցները շահավետ ներդնել։
Կարիճ (հոկտեմբերի 23 — նոյեմբերի 21)

Այս նշանի ներկայացուցիչներին սպասվում է զգալի հաջողություն ֆինանսական հարցերում, հատկապես ամռանը. այս երեք ամիսները կդառնան ձեռքբերումների և եկամուտների աճի ժամանակաշրջան։ Աշունը կուրախացնի կայունությամբ և խոշոր ներդրումների հնարավորություններով։ Միևնույն ժամանակ, տարեվերջին պայմանագրեր ստորագրելիս պետք է լինել զգույշ։
Աղեղնավոր (նոյեմբերի 22 — դեկտեմբերի 21)

Մարտից հունիս Աղեղնավորներին սպասվում է ակտիվ աշխատանք և կարևոր բանակցություններ։ Հնարավոր են բարդություններ գործընկերների հետ հարաբերություններում։ Տարվա երկրորդ կեսին Աղեղնավորները պետք է ուժեղացնեն վերահսկողությունը ծախսերի նկատմամբ, եթե ցանկանում են ամրապնդել ֆինանսական վիճակի բարձր մակարդակը։ 2026 թվականի ֆինանսական հորոսկոպը Աղեղնավորների առջև դնում է գլխավոր խնդիրը՝ մարտահրավերներն ընդունել լավատեսությամբ, միայն այդ դեպքում նրանց հաջողություն է սպասվում։
Այծեղջյուր (դեկտեմբերի 22 — հունվարի 19)

Այծեղջյուրների համար 2026 թվականը կանցնի կայունության նշանի տակ։ Սխալներից խուսափելու և սեփական դիրքերը պահպանելու հարցում նրանց կօգնի խոհեմությունը։ Ուստի պետք է յուրաքանչյուր քայլ մի քանի անգամ ծանր ու թեթև անել։ Փետրվարի վերջից Այծեղջյուրների ֆինանսական վիճակը զգալիորեն կբարելավվի։ Նրանց համար գլխավորը իմպուլսիվ գնումներից խուսափելն ու պարտք չվերցնելն է։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել երկարաժամկետ գործարար կապերի պահպանմանը և բյուջեի հստակ պլանավորմանը։ Տարեվերջին հնարավոր են հաճելի բոնուսներ։ Բացի այդ, 2026 թվականի ֆինանսական հորոսկոպը Այծեղջյուրներին խոստանում է խոշոր ձեռքբերում, որը երկար տարիներ նրանց համար դրամական հոսքեր կապահովի։
Ջրհոս (հունվարի 20 — փետրվարի 18)

Ջրհոսներին ֆինանսական առումով սպասվում է հանգիստ և բավականին կանխատեսելի տարի։ Հունվարը նոր նախագծերի մեկնարկի ժամանակաշրջան է, երբ այս նշանի աշխատասիրությունը վերջապես կտա կոնկրետ և շոշափելի արդյունքներ։ Օգոստոսը կարող է փորձություններ բերել, սակայն Ջրհոսները պետք է պահպանեն հանգստություն, քանի որ դժվարությունները կավարտվեն արդեն սեպտեմբերին։ Աշնանը և ձմռանը այս նշանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ընտանեկան ծախսերին. դրանց հետ կարող է կապված լինել խաբեություն։
Ձկներ (փետրվարի 19 — մարտի 20)

2026-ին Ձկներին սպասվում են բարենպաստ հանգամանքներ ֆինանսական աճի համար։ Տարվա սկիզբն արժե նվիրել անձնական տիրույթի ու ժամանակի պլանավորմանը և կազմակերպմանը։ Առօրյա առաջադրանքները պետք է պատվիրակել այլ մարդկանց։ Ամառը Ձկներից կպահանջի զգուշավորություն՝ զեղծարարության ռիսկերի պատճառով։ Աշունը կբերի կայունություն և մասնագիտական նոր հեռանկարներ, իսկ դեկտեմբերը կդառնա ապագան պլանավորելու ժամանակաշրջան։ 2026 թվականի ֆինանսական հորոսկոպը Ձկներին խորհուրդ է տալիս ժամանակ տրամադրել և միջոցներ ներդնել նոր կրթություն ստանալու համար, քանի որ այն շատ շուտով նրանց պետք կգա։
Կանխատեսում՝ ըստ ծննդյան տարեթվի

Ըստ չինական հորոսկոպի՝ 2026 թվականին ամենաշատը հաջողակ կլինեն այն մարդիկ, ովքեր ծնվել են հետևյալ տարիներին՝ Ձիու, Վագրի, Ճագարի, Շան, Խոզի և Այծի։ Նրանց սպասվում են հաջողություններ կարիերայում, եկամտի նոր աղբյուրներ և ներդաշնակություն հարաբերություններում։
Իսկ ահա նրանց, ովքեր ծնվել են Առնետի, Վիշապի, Ցուլի, Աքաղաղի, Կապիկի և Օձի տարիներին, արժե լինել ավելի զգույշ։ Նրանց խորհուրդ է տրվում խուսափել ռիսկային քայլերից, չմտնել կոնֆլիկտների մեջ և պահպանել առողջությունը։ Հատկապես կարևոր է չտրվել էմոցիաներին, քանի որ Հրեղեն Ձին չի ներում շտապողական որոշումները։
Ֆինանսական 5 կարևոր կանոն Հրեղեն Ձիու տարում.

1. Ցուցաբերեք նախաձեռնողականություն․ մի սպասեք առաջարկների, ակտիվորեն կիսվեք ձեր գաղափարներով։ Համեստությունն այս տարի թրենդային չէ։
2. Ազնիվ խաղացեք․ խարդավանքներն ու մեքենայությունները կարող են շրջվել ձեր դեմ, իսկ ազնիվ մրցակցությունը կպարգևատրվի։
3. Դրամայնացրեք հոբբին․ եթե տաղանդ ունեք, 2026 թվականը իդեալական է այն եկամտաբեր դարձնելու համար։
4. Զարգացեք․ եթե ցանկանում եք հասնել հաջողությունների և լինել մրցունակ, զբաղվեք ինքնակրթությամբ։
5. Վերահսկեք իմպուլսիվ ծախսերը․ չնայած լավ եկամուտներին, անպետք իրերի վրա գումար ծախսելու գայթակղությունը մեծ կլինի։ Ստեղծեք ֆինանսական պլան և հետևեք դրան։
Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։