Սերբիայի արտաքին գործերի նախարար Մարկո Ջուրիչը հայտարարել է, որ երկիրը վճռականորեն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագրին։ Նա նաև հիշեցրել է, որ Բելգրադը առաջարկում է ծառայել որպես բանակցությունների հարթակ։
«Ուկրաինայում խաղաղությունը Եվրոպայի համար հրատապ հարց է։ Մենք վճռականորեն աջակցում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին և բոլոր մյուս նախաձեռնություններին, որոնք կարող են հանգեցնել ռազմական գործողությունների դադարեցմանը»,-ասել է Ջուրիչը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։ Նա, սակայն, հավելել է, որ Եվրոպան ճնշման տակ է։
«Բելգրադն իրեն առաջարկում է որպես բանակցությունների հարթակ. մենք այն քիչ մայրաքաղաքներից մեկն ենք, որտեղից կարող եք ուղիղ թռչել դեպի Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան կամ Մերձավոր Արևելք: Ավելին, մենք հայտնի ենք որպես հյուրընկալ և նրբանկատ տանտերեր»,-եզրափակել է Ջուրիչը: