Ռադիոլոգիա. նվազագույն միջամտություն՝ բարձր ճշգրտություն․ «Մասնագիտություն»

Այս «կախարդական» մասնագիտությունը բժշկագիտության ամենաարդիական և դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է՝ ունակ առանց վիրահատական կտրվածքների թափանցելու մարդու մարմին ու կատարելու հետազոտություններ՝ ախտորոշելով և բուժելով բազմաթիվ հիվանդություններ։

Ճառագայթային ախտորոշումը կամ ռադիոլոգիան ունի անգնահատելի ավանդ առողջապահության ոլորտում, լայնորեն կիրառվում է մարդու մարմնի օրգանների և համակարգերի պատկերների ուսումնասիրության, հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակ։

Ճառագայթային ախտորոշումը՝ որպես բժշկության բաժին, գոյություն ունի 1895 թվականից, երբ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերեց մարդկությանը մինչ այդ անհայտ ճառագայթները, որոնք հետագայում կոչվեցին նրա անունով։ Հայազգի բազմաթիվ գիտնականներ, բժիշկներ անգնահատելի ավանդ ունեն այս ոլորտում: Հայազգի աշխարհահռչակ գյուտարար Ռեյմոնդ Դամադյանն է հայտնագործել մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը բժշկության մեջ կատարեց հեղաշրջում՝ մի շարք հիվանդությունների ախտորոշման հարցում։

Եթե ծայրաստիճան պատասխանատու եք և ուշադիր, ունեք վերլուծական հմտություններ և վառ երևակայություն, գիտական և վերլուծական միտք, ձգտում եք մասնագիտական առավելագույն գիտելիքների, հմտությունների կատարելագործման և նորագույն մեթոդների ուսուցման, ապա բժիշկ-ռադիոլոգ դառնալու բարդ և պատասխանատու ճանապարհը Ձեզ համար է։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դոցենտ Կարինե Խոնդկարյանը։

Leave a Comment