NVIDIA-ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդին

NVIDIA-ի փոխնախագահը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդին

22 դեկտեմբերի 2025 – 18:01 AMT

PanARMENIAN.NetNVIDIA ընկերության «Omniverse» և «Simulation Technology» բաժնի փոխնախագահ Ռև Լեբարեդեանը համալրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կորպորացիայի խորհրդի կազմը, հայտնում է Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է ոգեշնչել նրան միանալ ՀԱՀ Հոգաբարձուների խորհրդին՝ Լեբարեդեանն ասել է, որ կրթված հասարակությունը կենսական նշանակություն ունի ՀՀ գոյատևման և բարգավաճման համար։

«Մեր երկրի միակ բնական ռեսուրսը մեր տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ են։ Բարձրագույն կրթությունն այն ուղին է, որի միջոցով կարող ենք բացահայտել Հայաստանի ներուժը, իսկ ՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակում ես հնարավորություն կունենամ իմ փոքր ներդրումն ունենալու այս փոխակերպման գործընթացի արագացման գործում»,–ասել է նա։

Նա խոսել է նաև համալսարանի ապագայի վերաբերյալ իր տեսլականի մասին։

«Հայաստանի բարգավաճման հիմնարար նախապայմանը համաշխարհային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության համակարգ ունենալն է։ Հաշվի առնելով մեր երկրի մարդկային և նյութական ռեսուրսների սահմանափակությունը՝ ակնհայտ է, որ չենք կարող առաջատար դիրքեր զբաղեցնել բոլոր ոլորտներում։ Այնուամենայնիվ, խելամիտ ռազմավարության միջոցով կարող ենք ընտրել մի քանի առանցքային ուղղություններ և հենց այդ ոլորտներում հասնել համաշխարհային գերազանցության։ Ես կցանկանայի, որ ՀԱՀ-ը կենտրոնանար մեկ գիտակարգային ուղղության վրա և այդ ոլորտում դառնար առաջատար ամբողջ աշխարհում։ Երբ ապացուցենք, որ կարող ենք լինել աշխարհում լավագույնը մեկ ոլորտում, կանցնենք մյուս գիտակարգերին»,–ասել է նա։

Ռև Լեբարեդեանը խոսել է նաև այն մասին, թե մասնագիտական հմտություններից որո՞նք է նախատեսում կիրառել այս պաշտոնում։

«NVIDIA-ում ավելի քան երկու տասնամյակ տևողությամբ իմ գործունեության ընթացքում, որի շրջանակում ես աշխատել եմ համակարգչային գիտությունների առաջատար մասնագետների, ինժեներների և հետազոտողների հետ, ինչպես նաև զբաղեցրել եմ ղեկավար պաշտոններ, ես ձեռք եմ բերել բացառիկ կարողություն՝ կողմնորոշվելու առաջադեմ տեխնոլոգիաների և գիտական հետազոտությունների անորոշ ու մշտապես փոփոխվող միջավայրում։

NVIDIA-ի առանձնահատկությունն այն է, որ մենք ձգտում ենք գրեթե անհնարին թվացող ապագայի տեսլականին` միաժամանակ առաջնորդելով կազմակերպությունը ներկայիս բարդ ու անկայուն իրականության պայմաններում։ Աշխատելով NVIDIA-ում՝ ես սովորել եմ, թե ինչպես երազել լուսավոր ապագայի մասին և պահպանել կենսունակությունն ու մրցունակությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այդ երազանքներն իրականություն դարձնելու համար։ Ես հույս ունեմ ՀԱՀ-ում կիրառել NVIDIA-ին հատուկ ռազմավարական մտածողությունն ու առաջնային սկզբունքներից բխող երկարաժամկետ տեսլականի եզակի համադրությունը»,- ասված է հաղորդագրությունում»,–ասել է նա։

Լեբարեդեանը համակարգչային գրաֆիկայի բնագավառում կուտակել է ավելի քան երեսուն տարվա փորձ։ Իր մասնագիտական ուղու ընթացքում նա աշխատել է «Warner Bros. Digital» և «Disney Dream Quest Images» ստուդիաներում, ինչպես նաև հիմնել է սեփական ձեռնարկությունը՝ «Steamboat Software»-ը։ Նրա մշակած ռենդերինգի և ծավալային ալգորիթմներն օգտագործվել են բազում հայտնի կինոնկարներում, ներառյալ՝ «Stuart Little»-ը, «Dr. Seuss’ How the Grinch Stole Christmas»-ը, «X-Men 2»-ը և այլոց։

2002 թվականին Լեբարեդեանը միացել է «NVIDIA»-ին՝ սկսելով աշխատել առաջին ծրագրավորվող գրաֆիկական պրոցեսորների համար նախատեսված շեյդինգային լեզվի նախագծման վրա։ Այդ ժամանակից ի վեր, նա ղեկավարել է մի շարք թիմեր, որոնք զբաղվել են տեխնոլոգիական բարդ խնդիրների լուծմամբ, ինչպես օրինակ՝ 3D հավելվածների ավտոմատացված փորձարկում (GTL), իրական ժամանակի ֆիզիկական մոդելավորումներ (PhysX), խաղային լուսանկարչություն (Ansel), ռոբոտատեխնիկական սիմուլյացիաներ (Isaac Sim), ինչպես նաև ապրանքների իմերսիվ նախագծում և տեսապատկերում (Project Holodeck)։

Վերջին տարիներին նրա գլխավորած թիմերը միավորել են ռենդերինգի, ֆիզիկական մոդելավորումների և արհեստական բանականության ոլորտում մշակված առաջատար լուծումները՝ «NVIDIA»-ի շրջանակում, ստեղծելով միասնական հարթակ՝ ֆիզիկապես ճշգրիտ վիրտուալ աշխարհներ ձևավորելու և մոդելավորելու համար։ Այս հարթակը կրում է «NVIDIA Omniverse» անունը։

Ներկայումս Լեբարեդեանը ղեկավարում է «NVIDIA Omniverse»-ի արտադրանքի, ինժեներական և հետազոտական ստորաբաժանումները։ Այս բաց հարթակը ծրագրավորողներին հնարավորություն է ընձեռում կառուցելու և գործարկելու հավելվածներ, որոնք նախատեսված են ֆիզիկական արհեստական բանականության և ռոբոտային համակարգերի մոդելավորման համար։

Հոգաբարձուների խորհուրդն առանցքային դեր է կատարում համալսարանի աճի և զարգացման հարցում, իսկ խորհրդի անդամների համատեղ փորձն ու ներդրված ջանքերն ուղղորդում են ՀԱՀ-ին ռազմավարական որոշումների կայացման գործընթացում՝ ձևավորելով համալսարանի երկարաժամկետ զարգացման տեսլականը և ամրապնդելով ակադեմիական գերազանցությանը մշտապես հավատարիմ մնալու հանձնառությունը։ Խորհրդի անդամներն ակտիվորեն ներգրավված են ՀԱՀ-ի ներքին կանոնակարգերի մշակման գործընթացում, վերահսկում են համալսարանի ֆինանսական կայունությունը և նպաստում են ՀԱՀ-ի դիրքի ամրապնդմանը՝ որպես Հայաստանի բարձրագույն կրթության առաջատար հաստատություն։

Leave a Comment