«Դոժդ»․ Ավելի քան 50 տարի պատրիարք Կիրիլին ուղեկցում է նրա գաղտնի քաղաքացիական կինը

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլը (աշխարհիկ անունը՝ Վլադիմիր Գունդյաև) ավելի քան 50 տարի ուղեկցվում է Լիդիա Լեոնովայի կողմից, որը, ըստ հետաքննության, ապրում է նրա բնակարանում և միասին նրա հետ մեկնում է արտասահմանյան ուղևորությունների։ Այս մասին հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով հետաքննողական «Проект» հարթակի տվյալներին։ Թեմային անդրադարձել է նաև «Մեդուզան»։

Նշվում է, որ հենց Լեոնովան է 2019 թվականին պատրիարք Կիրիլի հետ անցկացրել 9 օր Բաքվում, որտեղ նա նշում էր իր ինտրոնիզացիայի տասնամյակը և այդ ընթացքում գրեթե չէր երևում հանրային միջոցառումներում։

Լիդիա Լեոնովայի անունը մամուլում առաջին անգամ հայտնվել է 2012 թվականին՝ Այդ ժամանակ Մոսկվայի «Նաբերեժնոյում տուն» էլիտար շենքում գտնվող պատրիարքի բնակարանի շուրջ սկանդալ էր բռնկվել։ Բնակարանից բացվում էր տեսարան դեպի Քրիստոս Փրկչի տաճարը։ Ներքևի հարկում բնակվող հարևանը՝ նախկին առողջապահության նախարար Յուրի Շևչենկոն, սկսել էր վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում առաջացած շինարարական փոշին վնասել էր պատրիարքի գույքը։

Արդյունքում դատարան ներկայացվեց հայց Շևչենկոյի դեմ, սակայն այն ներկայացրել էր ոչ թե պատրիարքը, այլ Լիդիա Լեոնովան։ Այս հանգամանքը լրացուցիչ հարցեր առաջացրեց:

Կանոնական եկեղեցական իրավունքը արգելում է պատրիարքին ամուսնանալ։ Այդ շրջանում ռուսաստանյան քարոզիչ Վլադիմիր Սոլովյովը հայտարարել էր, թե բնակարանում մշտապես ապրել են պատրիարքի երկու երրորդական զարմուհիները, որոնցից մեկը Լեոնովան էր։ Սակայն հետաքննությունը ցույց է տալիս, որ Կիրիլի և Լեոնովայի կենսագրություններում ազգակցական կապ հաստատող տվյալներ չկան։

«Проект»-ի տվյալներով՝ Լեոնովան (օրիորդական ազգանունը՝ Խոլոդովա) 1971 թվականին ամուսնացել է ուկրաինացի Միխայիլ Լեոնովի հետ, սակայն այդ ամուսնությունը, հավանաբար, կարճատև է եղել։ 1984 թվականին, երբ Գունդյաևը ուղարկվել է ծառայության Սմոլենսկ, Լեոնովան մեկնել է նրա հետ։

Նույն աղբյուրի տվյալներով՝ Լեոնովայի անունով գրանցված է ընտանեկան ընկերություն՝ «Վլադոլիդ» անվամբ (ամենայն հավանականությամբ՝ Վլադիմիր և Լիդիա անունների համադրությամբ), ինչպես նաև մի քանի բնակարաններ, հողատարածքներ, ավտոմեքենաներ և առանձնատուն Մոսկվայի մարզի Սիվկովո գյուղում՝ Պատրիոտ զբոսայգու դիմաց։

Leave a Comment