ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Armenia Security Partnership Act օրինագիծը, որը նպատակ ունի սահմանափակել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը և ամրապնդել Հայաստանի անվտանգությունը, հայտնել է ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։
Նշվում է, որ օրինագիծը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը։
«Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Որպես այդպիսի քայլեր նշվում են՝
· բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը,
· ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
· Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը,
· հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը։
Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ օրինագիծը «դադարեցնում է Ադրբեջանի շարունակական ագրեսիան խրախուսող քաղաքականությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հիմնավորում է խաղաղության կոնկրետ չափորոշիչներով ու պատասխանատվությամբ»։
Օրինագիծը նաև նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում Հայաստանի համար՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները։ Օրինագծի համահեղինակների թվում են նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն, Քրիս Սմիթը, Գեյբ Ամոն և այլք։ Սպասվում է օրինագծի նկատմամբ լայն երկկուսակցական աջակցություն առաջիկա շաբաթներին։
Օրինագիծը ներկայացվում է այն պայմաններում, երբ փորձ է արվում վերականգնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ չնայած Արցախի ամբողջական հայաթափմանը, հայ գերիների պահմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիային, միջազգային իրավունքի շարունակական խախտումներին և այլնին։
