Զեղծարարներն արհեստական ​​բանականություն են օգտագործում արվեստի գործերի իսկությունը «հաստատելու» համար․ FT


Գիտություն


Զեղծարարներն սկսել են ակտիվորեն նեյրոցանցեր օգտագործել՝ արվեստի գործերի իսկությանը վերաբերող կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև վճարման հաշիվներ ստեղծելու համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով փորձագետներին։

Մասնագետների տվյալներով՝ կոլեկցիոներներն օգտագործում են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված փաստաթղթերը արվեստի գործերի գնահատման կամ ապահովագրական հայտեր ներկայացնելու ժամանակ նմանատիպ «հաստատումներ» ստանալու համար։ «Չաթ-բոտերը և մեծ լեզվական մոդելները զեղծարարներին օգնում են համոզիչ կերպով կեղծել հաշիվ-ապրանքագրերը, ծագումը հաստատող փաստաթղթերը և իսկության սերտիֆիկատները»,- պատմել է Marsh ընկերության արվեստի գործերի ապահովագրության բրոքեր Օլիվիա Էքլսթոնը։ Նրա խոսքով՝ այս միտումը «նոր չափում է հաղորդել արվեստի շուկայում կեղծիքների և խարդախության վաղեմի խնդրին»։


Ինչպես հայտնել է ապահովագրողների անունից հայտերը քննող փորձագետներից մեկը, նա դեկորատիվ նկարների հավաքածուի ապահովագրական դեպքի շրջանակում ստացել է տասնյակ գնահատման սերտիֆիկատներ: Ի սկզբանե դրանք համոզիչ են թվացել, սակայն ավելի ուշադիր զննման արդյունքում պարզվել է, որ «յուրաքանչյուր առանձին գործի նկարագրության դաշտը նույնն է եղել»: Հայտատուի այս ակնհայտ սխալը փորձագետին ստիպել է կասկածել, որ սերտիֆիկատները ստեղծվել են տվյալների ներմուծման ավտոմատացված համակարգի միջոցով:



Sedgwick ընկերության փորձագետ Գրեյս Բեսթ-Դեվերեքսը, ով մասնագիտացած է ապահովագրական հայտերի կարգավորման ոլորտում, տեղեկացրել է, որ ստուգում է թվային փաստաթղթերի մետատվյալները՝ պարզելու համար, թե արդյոք օգտագործվել է ԱԲ: Սակայն, նրա խոստովանությամբ, նեյրոցանցերի որակի վերջին բարելավումները դժվարացնում են խարդախության հայտնաբերումը նույնիսկ մասնագետների համար:


Արվեստի գործերի գնահատմամբ զբաղվող Gurr Johns ընկերության ղեկավար Հարրի Սմիթի պնդմամբ՝ «կարիք չկա հնարել որևէ փորձագետ-պրոֆեսորի. կարելի է պարզապես դա հանձնարարել ԱԲ-ին»:




Leave a Comment