«Հավատա երազանքներիդ սրտանց»․ Ռոնալդուի ռեկորդը կրկնած Մբապեն լուսանկար է հրապարակել

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկ օրացուցային տարում խփած գոլերի ցուցանիշով կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդն «Արքայական ակումբում»։

«Սևիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում (2:0) Մբապեն այս տարի 59-րդ գոլն է խփել «Ռեալում»։ Այդ խաղի օրը ֆրանսիացին նշում էր ծննդյան 27-րդ տարեդարձը։

Այժմ սաուդյան «Ալ Նասրում» խաղացող 40-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալում» 59 գոլ խփել էր 2013 թվականին։

Ռեկորդը կրկնելուց հետո Կիլիան Մբապեն սոցիալական ցանցերում հրապարակել է Պորտուգալիայի հավաքականի ավագի հետ մանկական լուսանկար և կատարել հետևյալ գրառումը․ «Հավատա երազանքներիդ սրտանց»։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը 2024 թվականից է խաղում մադրիդյան ակումբում։ Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018թթ․ և ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է 450 գոլով։

 

Leave a Comment