Ադրբեջանական AnewZ-ն իբր «հետաքննական վավերագրական ֆիլմ» է պատրաստել Ռուբեն Վարդանյանի մասին։ Մեկուկես ժամանոց «Օլիգարխի ծրագիրը» պատմում է Ռուբեն Վարդանյանի՝ Մոսկվայի ֆինանսական վերնախավում դերից դեպի Արցախում քաղաքական գործընթացներ անցման մասին։
Ֆիլմն ուսումնասիրում է Ռուբեն Վարդանյանի՝ 2022 թվականին Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելը և նրա հետագա դերն Արցախի Հանրապետության վարչակազմում։
Ֆիլմում Վարդանյանի մասին խոսելիս նշում են, թե Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի համար նա «հանցագործ է»։ Վարդանյանին մեղադրում են ստախոսության համար՝ նշելով, թե իբր նա չի հրաժարվել ռուսական անձնագրից։ Նրան անվանում են «Պուտինի տրոյական ձի»՝ հավելելով, թե «նա իրական հայ չէ, այլ Ռուսաստանի մարդն է»։
Ֆիլմում նկարահանվել է նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը նշել է, թե եթե Ռուբեն Վարդանյանը «գար մեզ փրկելու այս տարիների ընթացքում, ապա նա երկիր կբերեր միլիոնավոր դոլարներ, իսկ նա չի ծախսել նույնիսկ մի քանի հազար։ Ինչ վերաբերում է Արցախում ներդրումներին, ապա նա դրանք չի արել»։ Բաբայանի խոսքով՝ Վարդանյանն Արցախում 9-10 ամսվա պաշտոնավարման ժամանակ ստեղծել է 4 բարեգործական հիմնադրամ, որոնց գումարները հայտնվում էին իշխանության գրպանում, իսկ բլոկադայից հետո գումարներն ուղղվել են եկեղեցիների վերականգնմանը։
Տիգրան Խզմալյանը նշել է, որ մի անգամ Ռուբենն ասաց․ «Եկե՛ք վերականգնենք Հակոբավանքը»։ «Պատկերացրեք մեր դեմքը, երբ նա նման նախագիծ առաջարկեց»,-ասել է նա՝ հավելելով, որ ադյունքում ոչինչ չի ծախսվել։
Բաբայանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանին չի կարելի համարել առաջնորդ․ նա բիզնեսմեն է, այլ ոչ թե քաղաքական գործիչ, նա չունի պետականության և կառավարման հասկացողություն։ «Արցախում իշխանությունները, գործելով որոշ արտաքին ուժերի հետ, ստեղծել են այդ խնդիրները»,- նշել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դատախազը պահանջել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։ https://abcmedia.am/glxavor-noruthyunner/219065/