«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում Վեդի համայնքի ֆերմերները մասնակցել են պտղատու ծառերի և խաղողի էտի երկօրյա մասնագիտական դասընթացի։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Դասընթացը կառուցված էր տեսական և գործնական բաղադրիչների համադրմամբ՝ ներկայացնելով էտի և ձևավորման ժամանակակից, արդյունավետ և գիտահեն մոտեցումներ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները, այլև գործնական աշխատանք իրականացնել այգիներում՝ ոլորտի փորձագետների անմիջական ուղեկցությամբ։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել համայնքի ֆերմերների մասնագիտական կարողությունները, խթանել արտադրողականության աճը և նպաստել կայուն ու մրցունակ գյուղատնտեսության զարգացմանը Վեդի համայնքում։
«Հայաստան – Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ԵՄ) և իրականացվում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) աջակցությամբ, նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից՝ գյուղատնտեսական քաղաքականության ամրապնդման և ոլորտային բարեփոխումների առաջխաղացման նպատակով։

