«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն է։
Վերջինս, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ ազգային բարերար, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի ՀԷՑ-ին ու նրա հետ կապված գործընթացներին, մասնավորապես՝ բիզնեսի խլմանն իշխանության կողմից:
«Մինչև Սամվել Կարապետյանի կողմից սեփականաշնորհումը և նրա կողմից կառավարվելը ՀԷՑ-ը վնասով է աշխատել։ Ֆինանսական ցուցանիշներն աուդիտ իրականացնող ընկերությունը հրապարակել է։ Կանխիկ հոսքերի հաշվետությունը նայե՛ք, կտեսնեք՝ Սամվել Կարապետյանը ոնց է կառավարել ՀԷՑ-ը»,- ասաց Վարդան Արամյանը:
Վերջինս նկատեց՝ նորմալ է, որ տնտեսվարողը նույն երկրում ավելի բարձր ռեյտինգ կարող է ունենալ, քան պետությունը։ Այնպես որ, թող չնեղվեն, որ ՀԷՑ-ն ավելի բարձր ռեյտինգ ունի, քան Հայաստան պետությունը։
«ՀԷՑ ընկերությունը պետք է գնահատվի իր լիցենզիայով, որովհետև եթե չկա լիցենզիա, նշանակում է՝ ընկերությունը գործունեություն չի կարող իրականացնել։ ՀԷՑ-ի գնի մեջ պարտադիր պետք է մտնի նաև նրա լիցենզիան, իշխանությունների մեկնաբանություններն աբսուրդ են: ՀԷՑ-ը սովորական ընկերություն չէ։ Այնպես որ, տարօրինակ է իշխանությունների այն խոսույթը, որ ՀԷՑ-ը պետք է գնահատեն առանց լիցենզիայի։ Իսկ կարո՞ղ է այնպես լինել, որ լինի երկու ՀԷՑ. մեկը՝ լիցենզիայով, մյուսն՝ առանց լիցենզիայի…
Սա դասական իմաստով իրականում ՀԷՑ-ի խլում է։ Անգամ արդարադատության նախարարն է օգտագործել «ազգայնացում» տերմինը, ինչը մեր օրենսդրությամբ արգելված է։ Ազգայնացումն առանց փոխհատուցման վերցնելն է, ՀԷՑ-ի պարագայում պարտադիր է փոխհատուցումը։ Սամվել Կարապետյանի թիմը 500 միլիոն դոլար թիվ հնչեցրեց՝ որպես ՀԷՑ-ի գին։ Պետք է հասկանալ՝ ինչպես են հաշվել, որովհետև դա մեծ թիվ չէ»,- եզրափակեց Վարդան Արամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: