Ֆրանսիական ազգային հեռարձակող France Télévisions-ը հայտարարել է, որ չի հյուրընկալի Մանկական Եվրատեսիլ 2026 երգի մրցույթը։
Ֆրանսիան, որը որպես «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող երկիր ունի մրցույթը հեռարձակելու առաջնային իրավունք, հայտարարել է, որ ֆինանսական պատճառներով չի կարող ստանձնել այդ պարտավորությունը։
Ըստ հայտարարության՝ 2026 թվականի բյուջեն հավասարակշռելու համար France Télévisions-ը պետք է խնայի շուրջ 140 միլիոն եվրո։
Նշվում է, որ խնայողությունները կիրականացվեն կազմակերպության ամբողջ համակարգում՝ ազգային ծրագրերի ծախսերի հետագա կրճատման, հոսքային բովանդակության բյուջեի 5 տոկոս նվազեցման ամբողջ տարվա ազդեցության, ստեղծագործական ծրագրերի վերահեռարձակման ավելացման, որոշ նախագծերի փակման և առանձին մարզական միջոցառումների հեռարձակման իրավունքների հնարավոր վերավաճառքի հաշվին։ Այդ միջոցառումների շրջանակում France Télévisions-ը նաև հրաժարվում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը հյուրընկալելուց։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիան հաղթանակից հետո չի հյուրընկալում մրցույթը։ 2024 թվականին երկիրը հրաժարվեց հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ վերջին տարիներին արդեն երկու անգամ մրցույթն ընդունելուց հետո և կենտրոնանալով Փարիզում կայացած 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի հեռարձակման վրա։ Այդ տարի մրցույթը հյուրընկալեց Իսպանիան՝ Մադրիդում։
Ֆրանսիայի ներկայացուցիչ Լու Դելյոզ-ն իր «Ce monde» երգով հաղթեց Թբիլիսիում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում՝ հավաքելով 248 միավոր։
Ֆրանսիան 4-րդ անգամ է հաղթել մրցույթում։