Կառավարությունը հաստատել է զբոսաշրջային գյուղեր հայտարարելու մասին որոշումը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Հասմիկ Գևորգյանը, անդրադառնալով ենթաօրենսդրական ակտերին, նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանության է արժանացրել առաջիկա հինգ տարիների՝ 2026–2030 թվականների, զբոսաշրջության ռազմավարական փաստաթուղթը, ինչից էլ բխում է զբոսաշրջային գյուղեր հայտարարելու կառավարության որոշումը։
Նա ընդգծեց, որ Զբոսաշրջության մասին օրենքը, որը ուժի մեջ է մտել 2024 թվականի սեպտեմբերից, ենթադրում է ունենալ ենթաօրենսդրական ակտեր, և որպեսզի հնարավոր լինի ամբողջությամբ գործարկել օրենքի բոլոր հոդվածները, անհրաժեշտ է ընդունել 29 ենթաօրենսդրական ակտ՝ կառավարության որոշումներ, նախարարի հրամաններ և Զբոսաշրջության կոմիտեի նախագահի հրամաններ, որոնցից մեկը հենց զբոսաշրջային գյուղեր հայտարարելու որոշման նախագիծն էր։
Գործընթացի սկիզբը դրվել է այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի զբոսաշրջության գրասենյակից՝ Մադրիդից, Զբոսաշրջության կոմիտե է ներկայացվել առաջարկ՝ մի քանի գյուղեր հայտարարել զբոսաշրջային գյուղեր։
Ամեն տարի ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպությունը հայտարարում է մրցույթ աշխարհի տարբեր զբոսաշրջային գյուղերի միջև, և, իհարկե, ամեն տարի մեկ երկրի մեկ գյուղ դառնում է հաղթող։ Մենք նույնպես հավակնում ենք ունենալ զբոսաշրջային գյուղ և անպայման մասնակցել այդ մրցույթին։
Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Արդեն կազմվել են այն գյուղերի ցանկերը, որոնք ունեն զբոսաշրջային գյուղ դառնալու ներուժ, և առաջիկա տարիների ընթացքում կկատարվեն համապատասխան գործողություններ և աշխատանքներ, որպեսզի այդ գյուղերը համապատասխանեն ՄԱԿ-ի զբոսաշրջության չափանիշներին։
Յուրաքանչյուր մարզից կարող են ներառվել առավելագույնը 10 գյուղ։
Զբոսաշրջության կոմիտեն դիմել է գործընկեր նախարարություններին, գրություններ են ուղարկվել մարզպետարաններ, և մարզպետարաններն արդեն՝ ըստ համայնքների, առաջարկներն ուղարկել են Զբոսաշրջության կոմիտե։ Այնուհետև, նախարարության հետ համատեղ որոշակի աշխատանքներ տանելով, ընտրվել են այդ գյուղերը։