Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն, Իսրայելի վարչապետը մտադիր է ամերիկացի առաջնորդին փոխանցել Թեհրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ իր մտահոգությունները և նշել, որ դրա զարգացումը «կարող է պահանջել արագ [պատասխան] գործողություններ»։
Ըստ NBC News-ի, Նեթանյահուն Թրամփին կներկայացնի նոր ռազմական գործողություններին ԱՄՆ-ի հնարավոր մասնակցության տարբերակները։ Նշվում է, որ Նեթանյահուի և ԱՄՆ նախագահի միջև հանդիպումը սպասվում է դեկտեմբերի 29-ին Ֆլորիդայում։
Թրամփն ավելի վաղ չէր բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե երկրի ղեկավարությունը շարունակի իր հրթիռային ծրագիրը։
Ըստ Թրամփի, Իրանը «կարող է նաև փորձել» շարունակել իր միջուկային ծրագրի զարգացումը, սակայն ԱՄՆ-ն պատրաստ կլինի ոչնչացնել այն։
Նոյեմբերին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով և բացառում է իր հրթիռային ծրագրի ապագայի քննարկումը։ Նա նշել է, որ «ոչ մի ողջամիտ մարդ չի համաձայնի հրաժարվել իր ռազմական բաղադրիչից»։