Թուրքիայում՝ երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բալիկեսիր նահանգում, հայտնաբերվել է ևս մեկ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Սարքն ուղարկվել է Անկարա՝ մանրամասն ուսումնասիրության, հաղորդում է Hürriyet թերթը:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքը, որը, ըստ երևույթին, դուրս էր եկել կառավարումից, խոցվել է F-16 կործանիչի կողմից՝ Սև ծովի վրայով երկրի օդային տարածքում։
Անօդաչու թռչող սարքի ինքնությունը չի նշվել։ Անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերից հետո Անկարան լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում կարևորագույն մակերևութային և ստորջրյա ակտիվները պաշտպանելու համար, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Անօդաչու թռչող սարքը կործանվել է Բալիկեսիր նահանգի Մանյաս շրջանի Սալուր շրջանում գտնվող դատարկ հողամասում։ Ինքնաթիռը հայտնաբերվել է ֆերմերների կողմից և հանձնվել անվտանգության ուժերին», – հաղորդում է թերթը։